Խաբարովսկի մոտակայքում հայտնաբերվել են ռադարներից անհետացած Ան-26-ի բեկորները․ անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

Խաբարովսկի մոտակայքում հայտնաբերվել են չորեքշաբթի ռադարներից անհետացած Ան-26-ի բեկորները, որում եղել է ինքնաթիռի վեց հոգանոց անձնակազմը: Վթարի վայր է մեկնել որոնողա-փրկարարական խումբը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են»,- այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայություններում սեփական աղբյուրը։

Ան-26-ը ռադարներից անհետացել է Խաբարովսկի օդանավակայանից 38 կմ հեռավորության վրա՝ Խեխցիր արգելոցի տարածքում: Ինքնաթիռը թռիչք է կատարել նավիգացիոն ռադիոհսկողության համակարգերից դուրս: Փրկարար ծառայությունները հայտնում են, որ հինգշաբթի տեղի ժամանակով 11:30-ի սահմաններում ինքնաթիռի բեկորները գտել է փրկարարական Մի-8 ուղղաթիռը: Դրանք հայտնաբերվել են Բոլշեխեխցիրսկու անվան բնության արգելոցի լեռնաշղթայի տարածքում:

ՏԱՍՍ գործակալության զրուցակցի վկայակոչած տվյալներով էլ՝ ինքնաթիռն ընկել է Խաբարովսկի երկրամասի «Զապովեդնոյ Պրիամուրե» արգելոցի և ազգային պարկի տարածքում, լեռան ստորոտին՝ Կորֆովսկի գյուղի շրջանում, ճանապարհից 3 կմ հեռավորության վրա: Վթարի վայր է մեկնել ցամաքային փրկարարական ջոկատը: «Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է դժվարամատչելի տարածքում:

Բարձր ծառերի, ինչպես նաև քամու ուժեղ պոռթկումների պատճառով՝ վայրկյանում մինչև 18 մետր, անհնար է, որ օդանավը [որը ներգրավված է որոնողական աշխատանքներում] վայրէջք կատարի վթարի վայրում, ինչպես նաև անհնար է դեսանտ իջեցնել դեպքի վայր»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Աղբյուր՝ Factor.am