«Ֆեյսբուք էինք մտել, ախպորս ընկերներից մեկը գրել էր՝ Աստված հոգիդ լուսավորի»․ 24-ամյա Ժորային հետմահու շնորհվել է «Արիության համար» մեդալ

«Չորս քրով նույն ժամին Ֆեյսբուք էինք մտել, ախպորս ընկերներից մեկը գրել էր՝ Աստված հոգիդ լուսավորի։ Մեզ ոչ ոք ռիսկ չէր արել, որ զանգի, ասի»,- արցունքների միջից ասում է 33-ամյա Անի Պապոյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է եղբորը։

Անիի եղբայրը՝ 24-ամյա Ժորա Քթրյանը, պայմանագրային զինծառայող էր, դասակի հրամանատար, հրետանավոր։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո Ժորան գործուղվել է Մարտակերտ, 2 տարի ծառայելուց հետո ստացել լեյտենանտի, այնուհետև՝ ավագ լեյտենանտի կոչում։ 

«Իսկ պատերազմի օրերին իրան կապիտանի կոչման հրաման էր եկել»,- ասում է քույրը ու նշում, որ եղբայրը պատերազմի օրերին հակառակորդի դեմ կռվել է Մարտակերտում, Աղդամում, Դրմբոնում, Մատաղիսի մատույցներում։

Եղբոր զինակից ընկերները պատմել են, որ Ժորան պատերազմի դաշտում հնարավորն ու անհնարն արել է ու իր կյանքի գնով շատերին փրկել։ 

«Հենց առաջին օրը դեպք է լինում, զինվորներից 4-ը տեխնիկայի մեջ են լինում, ԱԹՍ-ն հարվածում է, հրդեհ է բռնկվում, ինքն առանց մի վայրկյան մտածելու հանում է երեք զինվորին, երեքը ողջ մնացին, մյուսը շատ էր վառվել, իրա ձեռքերով հանգցնում է կրակը, «ՈՒԱԶ»-ը դնում և ուղարկում Երևան։ Իրան ասել են՝ գնա հոսպիտալ, դու էլ պառկի, ձեռքերը վառվել են, հրաժարվել ա, չի գնացել, ասել ա ՝ ոնց որ իմ զինվորն իրա մաշկի վրա զգաց, ես էլ էդ նույն ցավը պիտի զգամ»,- ընկերների պատմածն է ներկայացնում քույրը։

Անին ասում է՝ եղբայրը հրետանավոր լինելով, կարող էր հիմնականում հրաման տալ, բայց առաջին օրվանից տեսնելով՝ ինչ է կատարվում, ինչ վիճակ է, իր զինվորներին ասել է՝ մտեք թաքստոցներ, որ հանկարծ զոհ չունենան, ինքն է նույնիսկ զենքը լիցքավորել։

«Ինքն էլ «ՈՒԱԶ» է վարել, վիրավորներին տեղափոխել, եթե շտապօգնության մեքենան ուշացել է, ինքն է հասցրել Ստեփանակերտ»։

33 օր հակառակորդի դեմ պայքար մղելուց հետո հոկտեմբերի 29-ին Ժորա Քթրյանը զոհվել է արկի հարվածից։

«Էդ օրը իրանք զենք են ստացել, կանգնում են՝ մի քանի հատ կրակեն, նշանակետից զանգում են, ասում են՝ Ժոր, սխալ կգնա: Ինքն էլ ասում ա՝ էդ ոնց, ես հիմա կսարքեմ, մի ժամվա ընթացքում էլի կկրակեմ։ Զինվորներին ասում է՝ մտե՛ք թաքստոց։

Ինքը զենքն է սարքում, էդ պահին սնարյադն ընկնում ա, ու հարվածը ստանում ա թիկունքից, երեք հոգի են եղել իրա կողքը, ինքը թիկունքով պահել է, իրա աորտան էր վնասվել, արնաքամ էր եղել» – պատմում է քույրը եղբոր ընկերների հայտնած տեղեկությունը։

33-ամյա քույրն ասում է՝ եղբոր զոհվելուց հետո կյանք այլևս չկա, 2 տարի առաջ մայրն էր մահացել, ցավը դեռ չսպիացած՝ պատերազմի ժամանակ կորցրեցին միակ եղբորը։

«Շատ կապված էինք իր հետ, էնքան շատ կսիրեինք իրան որպես տան փոքրի, հիմա ահավոր ծանր վիճակում ենք չորս քրով, պապաս՝ առավելևս, իրա հույսով կապրեր, տան միակ ճրագն էր, սաղ երազանքներն ու նպատակները իրա հետ էր կապել։

Էսքանից հետո էլ ինչ ապրել, հիմա կարելի է ասել՝ մեռած ապրում ենք, էնքան որ, գոյատևում ենք»։

Ժորան շատ աշխույժ էր, արագաշարժ ու ժպիտը միշտ դեմքին՝ ասում է քույրը։ 

«Մեր յուրահատուկ եղբայրն էր, բոլորիս կհասներ-կօգներ, թև-թիկունք էր մեզ, շատ նվիրված»,- ասում է Անին։

Քույրը պատմում է, որ եղբոր նպատակն էր Երևանում տուն գնել, ամուսնանալ և ընտանիքի հետ ծննդավայրից՝ Շիրակի մարզի Մայիսյան գյուղից Երևան տեղափոխվել։

«Երազանք ուներ, որ ամուսնանար, աղջիկ ունենար ու դներ մամայի անունը՝ Ջուլիետա։ Ինքը շատ ծանր կտաներ մամայի կյանքից հեռանալը»,- ասում է ու հուզվում քույրը։
Ժորա Քթրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am