Երևանում տեղի կունենա երրորդ TEDxKids@Yerevan միջոցառումը

Երևանում տեղի կունենա երրորդ TEDxKids@Yerevan միջոցառումը
Երևանում տեղի կունենա երրորդ TEDxKids@Yerevan միջոցառումը

Հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանում տեղի կունենա երրորդ TEDxKids@Yerevan միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ընթացող միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 300 երեխա Երևանից և մարզերից: Այս տարի, հատուկ TEDxKids@Yerevan-ին մասնակցելու համար, պատանիներ են ժամանելու նաև Վրաստանից: TEDxKids@Yerevan 2014 միջոցառման թեման կրթությունն է: 

TEDxKids@Yerevan միջոցառման ընթացքում տեսագրված TED ելույթների ընտրանու  ցուցադրման հետ մեկտեղ ելույթ կունենան 10-17  տարեկան 24 բանախոս, ոմանք հատուկ կարիքներով: Նրանք խոսելու են իրենց ամենանվիրական, ամենահամարձակ ու ամենահետաքրքիր փորձառությունների ու գաղափարների մասին:

Խաչատուր Աբաջյանը   խոսելու է  առողջ սննդի և սննդի որակի  մասին դպրոցում: Ռազմիկը կխոսի թատրոնի նշանակության մասին  ներառական կրթության մեջ: Ըստ Ռազմիկի՝ թատրոնը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող երեխաներին ներգրավվել կրթության մեջ և ինքնադրսևորվել:

Սեդա Մատինյանը ցանկանում է դառնալ բժիշկ և նրան մտահոգում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը: Նա ցանկանում է խրախուսել ապագա մայրերին չհրաժարվել իրենց աղջիկ երեխաներից միայն սեռի պատճառով:

Այս տարի նույնպես TEDxKids@Yerevan-ը կազմակերպվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների հետ համատեղ և կազմակերպչական թիմը կազմված է Թումո  TED-Ed Club-ի անդամներից: Ամբողջ նախապատրաստական աշխատանքները իրականացվում են հենց երեխաների կողմից, ովքեր նախապես այդ թեմայով դասընթացներ են անցել:TEDxKids@Yerevan 2014-ի իրականացումը հնարավոր է դարձել նաև մի շարք ընկերությունների և կազմակերպությունների աջակցության շնորհիվ, որոնք են` Վորլդ Վիժն Հայաստանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և Հայկական Կարիտաս կազմակերպությունը:

Նախորդ տարվա TEDxKids@Yerevan միջոցառումը կրում էր «Մտածիր ինչպես երեխա» խորագիրը: TEDxKids@Yerevan 2013-իպատանի բանախոսների ելույթները դիտելու համար այցելեք http://kids.tedxyerevan.com/ կայք:

Այս տարվա բոլոր ելույթները նունպես կտեսագրվեն և ավելի ուշ կտեղադրվեն http://kids.tedxyerevan.com կայքում, ինչը կնպաստի հայ երեխաների բարձրաձայնած խնդիրների տարածմանը հանրության առավել լայն շրջանակներում:

xxx

TEDx-ի մասին, x = անկախ հիմունքներով կազմակերպված միջոցառում`

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման:

 TED-ի մասին`

TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Սկիզբ առնելով որպես քառօրյա ծրագիր Կալիֆորնիայում 25 տարի առաջ, TED-ն այժմ վերաճել է մի կառույցի, որն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով: TED-ի ամենամյա  համագումարը հրավիրում է ողջ աշխարհի առաջատար մտածողներին ևիրականացնողներին` խոսելու 18 րոպե: Նրանց ելույթներն այնուհետև հասանելի են դառնում համացանցում` TED.com կայքում, անվճար հիմունքներով: TED բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Ալ Գորը, Ջեյն Գուդոլը, ԷլիզաբեթԳիլբերթը, պրն. Ռիչարդ Բրենսոնը, Նանդան Նիլեկանին, Ֆիլիպ Սթարքը, Նգոզի Օկոնյո Իուեալան, Իզաբել Ալենդեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ  Գորդոն Բրաունը:  

TED կոնֆերանսների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք http://www.ted.com կայքը: