20 հայ պատանի բռնցքամարտիկներ մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը ճանապարհ է ընկել դեպի Թուրքիայի Էրզրում քաղաք, որտեղ օգոստոսի 10-ից 21-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

«Թիմում տրամադրությունը հաղթական է, պատրաստվածությունն էլ բարձր մակարդակի, այնպես որ Թուրքիա ենք գնում մեդալների հետևից»‎,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 15 տղա և 5 աղջիկ:

Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44կգ-ում Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում՝ Տիգրան Հովսեփյանը, 52-ում՝ Մարտին Սահակյանը:

54 կգ քաշային կարգում ելույթ կունենա Ալեքս Պետրոսյանը, 57-ում՝ Ալեն Ստեփանյանը, 60-ում՝ Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում՝ Սամվել Սիրամարգյանը, 70-ում՝ Հրաչ Խաչատրյանը: 75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում՝ Րաֆֆի Խաչատրյանը:

Աղջիկների պայքարում ներկայացված կլինենք փոքր քաշային կարգերում: 38 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Լիաննա Ժամհարյանը, 40 կգ-ում՝ Անի Մխիթարյանը, 42 կգ–ում՝ Համեստ Աֆրիկյանը, 44 կգ-ում՝ Անահիտ Հարությունյանը և 54 կգ-ում՝ Էլեն Պապյանը: