Կառավարությունը ցանկանում է քրեականացնել ընտրակաշառք տալը կամ վերցնելը․ ԱԺ-ին առաջարկել են արտահերթ նիստ հրավիրել

Կառավարությունը ցանկանում է քրեականացնել ընտրակաշառք տալը կամ վերցնելը․ ԱԺ-ին առաջարկել են արտահերթ նիստ հրավիրել
Կառավարությունը ցանկանում է քրեականացնել ընտրակաշառք տալը կամ վերցնելը․ ԱԺ-ին առաջարկել են արտահերթ նիստ հրավիրել

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախա­գահին առաջարկում է  2018թ. սեպտեմբերի 6-ին՝  ժամը 11:00-ին, գումարել ար­­տա­­հերթ նստաշրջան:

Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Օրակարգում կընդգրկվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:

Այս փաթեթով նախատեսվում է քրեականացնել ընտրակաշառք տալը կամ վերցնելը:

Օրենսդրական նախաձեռնությունն այսօր արժանացել է կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

«Մեր կառավարությունը հանձն է առել ապահովել ազատ ընտրություններ և նաև հասարակության շրջանում բարձրացնել ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ու հավատը: Այս առնչությամբ քրեական օրենսգրքում, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախաձեռնվել են փոփոխություններ, որի մշակմանը մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ», կառավարության նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

 Նրա խոսքով՝ փաթեթի ընդունմամբ նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել քրեական օրենսգիրք՝ նախատեսելով դրա համար ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլև որոշակի ժամկետով ազատազրկում: 

Արդարադատության նախարարը նշել է, որ բացառություն կհամարվի նախընտրական շրջանում կուսակցության կամ դաշինքի տարբերանշանով ու խելամիտ արժեքի սահմաններում քարոզչական նյութերի տրամադրումը՝ գրիչներ, գլխարկներ և այլն: