Հայկ Մարությանը ծանոթացել է ճանապարհների շինարարությանը

default

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով: Ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Բաբաջանյան – Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24մ: Այն կունենա 3 ուղեանց և 3 անցում՝ երկրորդային ճանապարհների համար, ինչպես նաև մեկ տրանսպորտային հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հետ հատման վայրում: Ճանապարհի այս հատվածն արդեն գրեթե պատրաստ է:

«Որպես վարորդ ասեմ, որ էականորեն տարբերվում է, ճիշտ է, դեռ մինչև վերջ ավարտված չէ, բայց տարբերությունն զգում ես: Նախ՝ պահանջները շատ խիստ են դրված՝ միջազգային չափորոշիչներով, որ շահագործման ընթացքում ուշ ենթարկվի վերանորոգման, հարմարավետ է, արգելապատնեշները նույնպես նախատեսված են անվտանգ վարելու համար, իսկ լուսավորության մալուխներն, ի դեպ, գետնի տակով են անցնում»,- նշում է քաղաքապետը:

Ճանապարհը լուսավորվելու է LED տիպի լուսադիոդային լամպերով: Ճանապարհահատվածի տակ գտնվող հաղորդուղիները տեղափոխված են: Այս հատվածում հարակից թաղամասերի համար կառուցվել է մայր կոյուղագիծ, որը նախկինում չի եղել:

«Նորակառույց ճանապարհն ավելի անվտանգ է հետիոտնի համար, քանի որ ունենալու է ուղեանցեր, ունենալու է LED լուսավորություն: Ինչ վերաբերում է երթևեկությանը, ապա այն լինելու է ազատ հոսքով, հանվելու են որոշ լուսացույցներ, կլինի ճանապարհային հանգույց, որպեսզի երթևեկության թողունակությունը մեծանա: Ճանապարհը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Ծրագիրը բավականին լավ առաջընթաց ունի՝ չհաշված մի քանի տեխնիկական խնդիրներ, որոնք լուծվում են»,- նկատում է վերահսկող կազմակերպության թիմի ղեկավար Մայք Նեյլանը:

«Յուրաքանչյուր քաղաքի համար տարանցիկ ճանապարհները մեծ դեր են խաղում: Այն տրանսպորտը, որը պետք է Երևանի մեջով անցնի, բայց չի մնալու Երևանում, ստիպված այսօր կենտրոնով է երթևեկում և էլ ավելի ծանրաբեռնում քաղաքը: Նախ այդ խնդիրն ենք լուծում, այդ տրանսպորտային միջոցները միանգամից կօգտվեն այս ճանապարհից և այդ առումով կբեռնաթափվի քաղաքը, և երկրորդը՝ արագությունը, հարմարավետությունը՝ երևանցիների համար: Ա կետից Բ կետ հասնելու համար վարորդները շատ մեծ ժամանակ կխնայեն: Օրինակ, եթե ամբողջ ճանապարհը պատրաստ լինի և մենք Աշտարակի խճուղուց գնանք մինչև Արտաշատի խճուղի՝ 25-30 րոպե մեր բնակիչները կխնայեն, իսկ ժամանակը ամենակարևոր բանն է մարդու կյանքում»,- ընդգծում է Հայկ Մարությանը:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման հանգույցում:

«Սա ամենակարևոր հանգույցներից մեկն է, որը կապում է երկու ճանապարհները: Սա յուրահատուկ կամուրջ է, որը հատուկ տեխնոլոգիաներով է կառուցվում, հենց դրա համար էլ այստեղ ներգրավել ենք միջազգային փորձ ունեցող ընկերություն. իսպանական ընկերություն է կապալառուն, որը մեծ փորձ ունի նման կամուրջներ կառուցելու: Այստեղ մետաղական կոնստրուկցիաներ է օգտագործվում՝ ավելի մեծ ճկունություն ապահովելու համար»,- նշում է քաղաքապետը:

«Կամրջի որակի հետ կապված անհանգստություն չունենք, քանի որ ի սկզբանե հետևել ենք շինարարական բոլոր նորմերին, թեսթերի արդյունքներին, մասնակցել ենք բետոնի պատրաստման գործընթացին, հետևել ենք պողպատի որակի համապատասխանությանը: Ինչպես բոլոր կամուրջները, սա էլ նախագծվել է մեկ դարի համար: Վարորդների համար այն 100 տոկոս անվտանգ է: Շինարարության վերջում անցնելու է անվտանգության ստուգում, մասնագետները կստուգեն ամրությունը, ապահովությունը, որից հետո կհանձնվի շահագործման»,- ասում է վերահսկող կազմակերպության թիմի ղեկավար Պիեռ Մորիսը:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող այս երկու ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև։

«Ճանապարհի բացումը նախատեսում ենք այս տարի: Զուգահեռաբար բոլոր հատվածներում քրտնաջան աշխատանք է ընթանում: Մի փոքր, իհարկե, շեղվել ենք ժամկետից, որի պատճառը անցած տարվա կորոնավիրուսի համավարակն էր, նաև, ցավոք սրտի, պատերազմը, բայց ամեն ինչ անում ենք, որ շեղումը նվազագույնի հասցնենք»,- նշում է քաղաքապետը:

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը: