«ԼՂ հակամարտության գոտում կան խաղաղապահներ՝ Արցախի ՊԲ-ն եւ Հայաստանի զինված ուժերը, նրանցից ավելի լավ խաղաղապահ չենք կարող ունենալ». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, Ռուսաստանից շարունակ մեսիջներ են գալիս, թե թող Նիկոլ Փաշինյանը զանգի Պուտինին ու խնդրի միջամտել: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, և որքանո՞վ Արցախում տիրող իրավիճակի հարցում լուրջ դերակատար կլինի Ռուսաստանը:

– Այժմ մարտի դաշտում տեղի են ունենում խիստ վճռորոշ իրադարձություններ, ընդ որում, վճռորոշ այնքանով, որ այս օրերը կանխորոշելու են Հայաստանի և Արցախի ապագան առաջիկա տասնամյակներին: Սա չափազանցություն չէ: 

Դրանից բացի, այսօր տեղի են ունենում չափազանց կարևոր դիվանագիտական գործընթացներ: Այս երկու գործընթացները՝ մարտի դաշտում և դիվանագիտական տարբեր հարթակներում, խիստ փոխկապակցված են և օրգանապես շաղկապված: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանին դիմելու, զանգելու կոչերին, ապա Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ խոսել է Պուտինի հետ: Այսպիսով, այդ մարդիկ, որոնք որոշել են շոգեքարշի առջևից վազել, թող հանգիստ նստեն իրենց տեղերը: 

Զանգը եղել է, և ասվել է այն, ինչ պետք է, և չի ասվել այն, ինչը պետք չէր ասել: Դրա մասին Փաշինյանը նույնիսկ բաց տեքստով խոսեց ռուսական հեռուստատեսությամբ՝ նաև ռուս լրագրողներին մեկնաբանություն տալով: 

Ամենակարևորը, այն, ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ երեկ գիշեր՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը: Այն փակ ռեժիմով էր ընթանում, և որի մասին մենք երեք փոքր պարբերությամբ տեղեկատվություն ստացանք: 

Ի՞նչն էր այդտեղ ամենակարևորը. նախևառաջ այն, որ որևէ բանաձև չընդունվեց: Երկրորդ արդյունքն այն է, որ Անվտանգության խորհուրդը իր իսկ ընդունած 1993 թվականի չորս բանաձևերից և ոչ մեկին որևէ հղում չարեց: 

Դրանք, ընդ որում, Ալիևի սիրելի բանաձևերն են: Երրորդ արդյունքն այն է, որ լիակատար կոնսենսուս կա առ այն, որ ամբողջ Անվտանգության խորհուրդը վերահաստատում է Մինսկի խմբի ներկայիս ձևաչափի կենտրոնական դերը ղարաբաղյան կարգավորման գործում: 

Այսինքն՝ այն ամենը, ինչը տարիներով փորձում են տորպեդահարել Բաքուն ու Անկարան, և այդ իմաստով Ռուսաստանը դրան այդքան էլ դեմ չէր, մենք տեսանք, որ այդ ջանքերը ուղղակի զրոյացան: 

Այն, ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական, դիվանագիտական ոչնչացումն էր Ղարաբաղի հարցի հետ կապված: 

– Ռուսաստանից նաև հնչում են տեսակետներ Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ: Մասնավորապես, Միրոնովն էր այդ մասին ասել՝ նշելով, որ խաղաղապահներով կարելի է խաղաղություն պարտադրել: Դուք ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները: 

– Պարոն Միրոնովը զրո ամբողջ զրո տասնորդական մի քաղաքական գործիչ է, որպեսզի նրա ասածը մենք լուրջ ընդունենք: Բայց ասեմ նաև, որ ԼՂ հակամարտության գոտում կան խաղաղապահներ: 

Այդ խաղաղապահներից մեկը կոչվում է Արցախի պաշտպանության բանակ, մյուսը՝ Հայաստանի զինված ուժեր: Նրանք միակ ու լավագույն խաղաղապահներն են: Մենք նրանցից ավելի լավ խաղաղապահ չենք կարող ունենալ և դրա կարիքը չունենք: Հենց ունենանք՝ կասենք: Եվ այդ գաղափարներով թող ոչ ոք իր քիթը չմտցնի այդ հարցերի մեջ և ավելորդ խորհուրդներ չտա: 

– Մարգարիտա Սիմոնյանը դարձյալ շատ է ակտիվացել և անդադար գրառումներ է անում: Չարախնդում է, թե՝ դե թող Արևմուտքը ձեզ պաշտպանի, շուտով դիմելու եք Պուտինի օգնությանը:

– Մարգարիտա Սիմոնյանը գլուխը պատին է տվել, պատն էլ գլխովը: Ես այլ բան չունեմ մեկնաբանելու Մարգարիտա Սիմոնյանի հակասանիտարական խոսակցություններից:

– Այդուհանդերձ, ո՞ր կետում ենք և ուր ենք գնում: Այլևս ազա՞տ ենք Ռուսաստանից որոշումների կայացման հետ կապված:

– Հայաստանն ու Ռուսաստանը մնում են ռազմավարական դաշնակիցներ, և այդ իմաստով, այո՛, Ռուսաստանն ունի պարտավորություններ: Այն ամենից, ինչ արել է Ռուսաստանը Ադրբեջանին, երբ կապիկի ձեռքը նռնակ է դրել, պարտք ունի մեզ վճարելու: 

Ռուսաստանը պետք է մեզ վճարի այդ պարտքը՝ կատարելով իր դաշնակցային պարտավորությունը Թուրքիային զսպելու հարցում, Ադրբեջանին զսպելու հարցում և այս պատերազմը դադարեցնելու հարցում: 

Ընդ որում, այնպես դադարեցնելու, որ վերսկսելու որևէ շանս այլևս չունենա: Հետևաբար, Ռուսաստանը նաև հայկական կողմին իր ինքնապաշտպանության սրբազան իրավունքը ռեալիզացնելու համար պետք է Հայաստանի բոլոր պահանջները ըստ միջպետական պայմանագրերի բավարարի: Ահա թե ինչ է պահանջվում այսօր Ռուսաստանից: 

Մենք ռուս խաղաղապահի կարիք չունենք: Երկրորդ՝ այս պատերազմը դադարեցնելու, նոր պատերազմ թույլ չտալու համար գոյություն ունի ամենակարճ ճանապարհը: Դա Արցախի Հանրապետության անկախության լիակատար ճանաչումն է: 

– Դա կլինի մեր այս գործողությունների հանրագումա՞րը:

– Իհարկե: Պատերազմը քաղաքականության շարունակությունն է բռնի միջոցներով: Իսկ ո՞րն քաղաքականությունը այս պատերազմում, այո՛, Արցախի անկախությունն է, չկա ուրիշ հարց:

Մանե Հարությունյան

MediaLab.am