«Սա այն է, ինչ պետք է արվեր, Հայաստանը սահմանում է չափորոշիչ». Լեւոն Շիրինյանը՝ Արցախում նախագահի թեկնածուներին ուղղված «մարտահրավերի» մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարո՛ն Շիրինյան, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում Արցախի հարցի հետ կապված յուրօրինակ մարտահրավեր նետեց Արցախում նախագահի թեկնածուներին։ Նրանցից մի մի քանիսից արդեն արձագանքներ կան, որոնցում նշվում է, որ դեմ են տարածքների վերադարձին։ Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի հայտարարությունը, և արդյոք կարո՞ղ ենք փակված համարել Մադրիդյան սկզբունքների էջը։

– Եթե այդպես ենք մոտենում հարցին, ապա սա կարելի է Մադրիդյան սկզբունքներից հրաժարման սկիզբ համարել։ Բայց վարչապետը մի ուրիշ բան է անում. նա, փաստորեն, Հայաստանի և Արցախի ազգային շահերի չափորոշիչ է սահմանում։

Այսինքն՝ ով այդ չափորոշիչների թրի տակով անցնում է, կարող է դառնալ նախագահ։ Սա շատ լավ է և պատին դեմ տալու վիճակ է ստեղծվել, նախկինների ցանկալի սցենարը չի աշխատում։ Սա այն է, ինչ պետք է արվեր, Հայաստանը սահմանում է չափորոշիչ։

– Իսկ այն, որ դեռ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները չեն արձագանքել Փաշինյանին, ինչի՞ մասին է խոսում։

– Մտածում են՝ թող մտածեն երկար-բարակ, բայց սինթեզ է տեղի ունենում, և դա բխում է բացառապես հայ ժողովրդի շահերից։ Կարձագանքեն՝ շատ լավ, չեն արձագանքի՝ դա նշանակություն կունենա ժողովրդի քվեն ստանալու վրա։

Սա անհրաժեշտ և տեղին քայլ էր ՀՀ վարչապետի կողմից, և սրա արդյունքում որոշ մարդկանց հաշիվները կարող են խառնվել։ Գուցե սա հենց արվել է նաև նրա համար, որ այդ հաշիվները խառնվեն, մարդիկ դիրքորոշվեն։ 

– Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե Արցախի հարցում ի՛նչ ժառանգություն է ստացել Սերժ Սարգսյանից, մասնավորապես, ժառանգել է մի փաստաթուղթ, որով բանակցվում է Արցախի առնվազն հինգ շրջանը Ադրբեջանին հանձնելու հանգամանքը։

– Դա ժառանգություն չէ, այլ պետության շահերի դավաճանություն։ Այստեղ մեկնաբանելու բան էլ չկա, ամեն բան բացահայտ է ու ակնառու։ Գողապետությունն ու հինգերորդ շարասյունը հարված հարվածի հետևից են տալիս։

Զենքի այն մատակարարումը, որ Ռուսաստանի կողմից կատարվում է վերջին շրջանում, վերլուծությունը բերում է նրան, որ Ռուսաստանը Հայաստանին սկսում է դիտել որպես դաշնակից, հավասար գործընկեր, ինչը մեր պահանջն է։

Սա մեր արտաքին քաղաքականության վերջին 2 տարվա նվաճումն է։ Այդ նորմալ հարաբերություններում առաջին տեղում զենքի մատակարարումն է, երկրորդ ցուցիչը գազն է, երրորդը երկաթուղու կարգավորումն է։ 

– Այն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները չեն խոսում այն մասին, թե ինչ ժառանգություն են թողել ներկա իշխանությանը, վկայում է այն մասին, որ հենց այնպես էլ եղել է, ինչպես ներկայացնում է Փաշինյա՞նը։ 

– Իհարկե, գող՝ սիրտը դող, ի՞նչ խոսեն։ Ըստ էության հանրապետության վարչապետը Սերժ Սարգսյանին, այդ թվում՝ Հանրապետական կոչվածին և իրենց գործընկերներին մեղադրեց պետական դավաճանության մեջ, կամ եթե դավաճանություն չասենք՝ հայ ժողովրդի շահերը չարտահայտելու մեջ։

Հիմա համացանցը լցված է ոչ թե դա բացահայտելու հարցով, այլ ինչ-որ գրիչի հարցի քննարկմամբ։

Այսինքն՝ հարցը փորձեցին շեղել բուն բովանդակությունից։ Իսկ գրիչն էլ կաշառք էր։ Այստեղ խոսքը գրիչի մասին չէ, այլ այն մասին, որ Հրայր Թովմասյանը փորձ է արել մերձենալու վարչապետին և, ՀՀԿ-ի ժամանակ գործող սովորության համաձայն, որոշակի պայմանավորվածությունների գալու։

Վարչապետի կողմից դա մերժվել է, կոռուպցիան մերժվել է, ինչը մեծ բան է։ Այնպես չէ, որ ուզում եմ ամեն անգամ ասել վարչապետին, որ ինքը ճիշտ է, բայց ինքը իմ սրտի ուզածն է անում։ 

– Առաջիկա օրերին սպասվում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ Ի՞նչ սպասելիքներ կան այդ հանդիպումից և, ընդհանրապես, բանակցություններից։

– Ակնկալիք չկա, ի՞նչ ակնկալիք, շարժ է, որ պետք է արվի, բանակցությունները այսպես էլ կգնան։ Ի վերջո, ես համոզված եմ, որ մի օր Հայաստանը կանգնելու է 1960 թվականի ՄԱԿ-ի հայտնի բանաձևի վրա, որը վերաբերում է պետությունների և ժողովուրդների ապագաղութացմանը։

Գործը գնալու է դրան, ուրիշ ճանապարհ չկա։ Անցյալի ժառանգությունն ունի ահռելի բացասական իներցիոն ուժ, հիմա ՀՀԿ-ն բացասական էներգիա է ներարկում իր մանկլավիկներով։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am