Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը․ Արամ Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ քննարկվել են գերիների, արտաքին քաղաքականության, տնտեսական, ճանապարհների խնդիրներ։

Հարցին, թե ճանապարհների բացման ու ապաշրջափակման ծրագրերին ինչպե՞ս է վերաբերում, նա պատասխանեց․ «Աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել։ Որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե ասենք՝ չէ, մենք ուզում ենք փակ ապրել, որովհետև փակ ավելի ապահով է։ Ցանկացած ապաշրջափակման մենք պիտի ասենք՝ այո։ Բայց դա բազմաթիվ հարցեր ու խնդիրներ, բարդություններ ունի, որոնք պետք է նայել։ Նույն ԽՍՀՄ տարիներին ապաշրջափակում էր, բայց Մոսկվա-Երևան գնացքը, որն անցնում էր, քարերով քարկոծում էինք։ Ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանն այդ տարածքից չի հեռանալու, ոչ էլ մենք ենք հեռանալու։ Այնպես չէ, որ մենք երրորդ հարկում ենք ապրում, չորրորդ հարկի հարևանը ջուր է լցնում գլխներիս, ասենք՝ դե զահլաներս գնաց, տունը վաճառում ենք, գնանք ուրիշ տեղ ապրել։ Պիտի փորձենք իրավիճակը հարթել, ճիշտ լուծումներ տալ»։

Այդ ամենը մեզ համար շահեկան կլինի, եթե, ըստ Արամ Սարգսյանի, ուժեղ պետություն ու տնտեսություն ունենանք, կարողանանք ժամանակին հարիր զինել մեր բանակը։

«Բնականաբար, Ադրբեջանը կյանքում մեզ չէր հաղթի, եթե իրեն չօգներ Թուրքիան, եթե գերժամանակակից զենքեր չգներ։ Հետևաբար, մենք էլ պետք է այդ հնարավորությունից օգտվենք, մեր զինվորի խիզախությունն էլ գումարած մեզ հետ նորից կսկսեն հաշվի նստել, մեր կարծիքը հաշվի առնել։ Իսկ այն հայը, ով կասի՝ դրա հնարավորությունը չունենք, հայ չէ։ Ես կարծում եմ՝ ունենք, այդ ուղղությամբ աշխատել է պետք։ Յուրաքանչյուրս մեր տեղում մեր անելիքներն ու առաջարկությունները պետք է անենք»,- հավելեց նա։

Անդրադառնալով Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Սարգսյանն ասաց․ «Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը, որն ասում էր, որ Ղարաբաղի հարց չկա և Ղարաբաղի հարցը լուծված է և հղում էր անում Ռուսաստանի նախագահին։ Այսինքն՝ Ռուսաստանի նախագահը կարծում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Ռուսաստանի նախագահը մեր ռազմավարական գործընկերն է։ Երկրորդ, այդ հանդիպումը եռակողմ էր, ներկա չէր Թուրքիան, իսկ դա Թուրքիայի համար էր մեծ հարված։ Թուրքիան մտածում է, որ Ադրբեջանը թռնում է իր գլխից։

Ադրբեջանում ժողովուրդը նույնպես կարծում են, որ խնդիրը լուծված չէ՝ Ստեփանակերտում հայեր են ապրում, իրենց տարածքում էլ ռուսական զորքեր կան։ Եթե մենք խոսում ենք մեր անկախության ու ինքնիշխանության մասին, որը զիջել ենք որոշակի առումներով Ռուսաստանին այս պատերազմից հետո, ապա Ադրբեջանը դեռ տաք է, չի զգում։ Ինքը ոչ միայն Ռուսաստանին է զիջել, նաև Թուրքիային է զիջել»։