«Եթե բերքը լավ աճելու համար հոգևորական են կանչում, գյուղատնտեսական գիտական կենտրոններ մեզ պետք չեն». գիտական կենտրոնի տարածքը՝ Առաքելական Եկեղեցուն

«Եթե բերքը լավ աճելու համար հոգևորական են կանչում, գյուղատնտեսական գիտական կենտրոններ մեզ պետք չեն». գիտական կենտրոնի տարածքը՝ Առաքելական Եկեղեցուն
«Եթե բերքը լավ աճելու համար հոգևորական են կանչում, գյուղատնտեսական գիտական կենտրոններ մեզ պետք չեն». գիտական կենտրոնի տարածքը՝ Առաքելական Եկեղեցուն

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը «Մեդիալաբի» հետ զրույցում «միջնադարյան մոտեցում» է համարում կառավարության նախագիծը, որով կառավարությունն առաջիկա նիստում գյուղնախարարության «Երկրագործության գիտական կենտրոնի» տարածքի մի հատված նվիրելու է Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի դիմումի:

«Եթե գյուղնախարարության մակարդակով բերքը լավ աճելու համար հոգևորականներ են կանչում, էդ դեպքում էլ գիտական կենտրոններն ինչի՞ համար են: Գիտական կենտրոններ մեզ պետք չեն, հատկապես գյուղատնտեսության ոլորտում,- հեգնեց Դանիելյանը՝ շարունակելով,- ասել է թե՝ էս երկրում արդեն գիտական կենտրոնները փոխարինվում են եկեղեցական կառույցներով, ինչպես մինչ այժմ էլ տեսել ենք»:

Իրավապաշտպանը հիշեցրեց լեզվի ինստիտուտի տարածքը կաթողիկոսի նստավայրի վերածելու որոշումը, նաև այն, որ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչումներ են ստանում հոգևորականներ, որոնք գիտության հետ որևէ կապ չունեն:

«Մենք գնում ենք դեպի միջնադար, և սա էդպես էլ շարունակվելու է, մինչև մենք էդ ամեն ինչին լուրջ չվերաբերվենք: Սա, իհարկե, նաև խտրական մոտեցում է կրոնական մյուս կազմակերպությունների հանդեպ, որոնք նույնիսկ գումարով դժվարությամբ են հող կամ տարածք ձեռք բերում, սակայն Հայաստանում կան օրենքներ, որոնցով արգելվում է կրոնական կազմակերպության անդամ լինել և աշխատել ՊՆ-ում, դատախազությունում, ոստիկանությունում և այլն, ինչը նույնիսկ նացիստական Գերմանիայում կամ միջնադարյան դիկտատուրաներում չի եղել»,- նշեց Դանիելյանը:

Նշենք, որ կառավարության առաջիկա նիստում նախագիծ է ներկայացվել, ըստ որի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Իսի Լե Մուլինո փողոցի 1 հասցեում գտնվող 4.9134 հա հողամասից 1,4 հա հողամասը և դրա վրա կառուցված անշարժ գույքը կառավարությունը հետ է վերցնում գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոնից» և անհատույց սեփականության իրավունքով տրամադրում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն:

Ըստ նախագծի՝ Ամենայն հայոց կաթողիկոսը գրությամբ դիմել էր ՀՀ վարչապետին՝ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Սուրբ Գայանե վանքին հարա­կից 1.4 հա հողատարածքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու խնդրանքով, որտեղ նախատեսվում է կառուցել 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և դրա շուրջը հիմնել զբոսայգի:

Գիտական կենտրոնի ղեկավար Աբրահամ Ղուկասյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հրաժարվեց գնահատական տալուց, ասելով, որ այս անգամ կառավարությունը մինչև որոշում կայացնելը այն քննարկել է իրենց հետ: «Եթե մի որոշում է կայացվում, որը տվյալ պահին մեր երկրի համար ավելի կարևոր է, ես գտնում եմ, որ ճիշտ է էդ որոշումը, քանի որ որոշում կայացնողը նաև պատասխանատվություն է կրում այդ որոշման համար»,- ասաց գիտական կենտրոնի ղեկավարը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին կառավարությունը առանց նույն կենտրոնին տեղյակ պահելու կամ գիտնականների կարծիքը հարցնելու ուղիղ վաճառքով Նոր Նորք համայնքի ՀՀԿ-ական ավագանի, «Ջրվեժ 1» համատիրության նախագահ-կառավարիչ Վրեժ Դավթյանին վաճառեց գիտական կենտրոնին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժի 13-րդ փողոցի թիվ 58 հասցեի 219.1 քմ մակերեսով լաբորատոր շենքը և դրա զբաղեցրած 0.097 հա հողամասը: Ընդ որում, կառավարությունը 219.1 քմ-ն ՀՀԿ-ական ավագանուն վաճառեց բավական ցածր գնով՝ ընդամենը 12 մլն 406 հազար 720 դրամով: Իսկ 0.097 հա հողատարածքի համար Վրեժ Դավթյանը վճարեց ևս 4 մլն 388 հազար 280 դրամ:

Գիտական կենտրոնի ղեկավարը վստահեցրեց, որ իրենք գիտական կարևոր աշխատանք են կատարում: «Կենտրոնը շատ կարևոր աշխատանք է կատարում սելեկցիոն ողջ գենոֆոնդը պահպանելու համար: Մենք 82 հայկական և 12 իտալական սորտերով կոլեկցիոն ծիրանի և 360 սորտերով խաղողի այգիներ ենք տնկել: Ողջ խաղողի գենոֆոնդը պահպանելու համար լուրջ աշխատանքներ են կատարվում»,- ասաց կենտրոնի ղեկավարը:

Մեր հարցին, թե իր գնահատմամբ՝ գիտական հետազոտություննե՞րն են կարևոր, թե՞ եկեղեցական այգին, որը լինելու է կենտրոնի տարածքում, Աբրահամ Ղուկասյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ՝ ի´նչ է պատրաստվում եկեղեցին անել այդ տարածքներում: «Մենք այդ տարածքի մի մասն օգտագործել ենք: Սակայն էնպես չի, որ մեր գիտական աշխատանքները թերանալու են: Այլ տարածքում կկազմակերպենք մեր աշխատանքը»,-նշեց նա:

Մարինե Խառատյան

MediaLab.am