«Օգնությունը ստանալու համար այդ մարդիկ պետք է գնային բանկեր եւ հիմա ստացվում է, որ մեր օգնություններով մենք մարդկանց օգնել ենք նաեւ վարակվել». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսել է հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի նոր բռնկման մասին։ Դեպքերի հիմնական աճը, ըստ վարչապետի, արձանագրվել է արտադրական ձեռնարկություններում եւ բանկերում։

«Ըստ էության, մեր դեպքերի շուրջ 80 տոկոսը արձանագրվում է արդյունաբերական ձեռնարկություններում եւ սպասարկման ոլորտում,-նշել է նա՝ հավելելով, որ իրավճակը բարդացավ մայիսի չորսից հետո, երբ հանվեցին սահմանափակումները,-մենք հասկացանք, որ տնտեսական առումով չենք կարող այլեւս փակված մնալ»։

Փաշինյանը նշել է, որ կա երկու մոտեցում՝ առողջապահական եւ տնտեսական, եւ ըստ էության, թույլատրելով որոշ տնտեսվարողների գործունեությունը եւ հանելով որոշ սահմանափակումներ, իշխանությունները փորձել են բալանս պահել, ինչի շնորհիվ երկրում ունենք ամենացածր գնաճը եւ ազգային արժույթի առումով էլ անցուցում ու ստաբիլ վիճակ։

«Այո, կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը վտանգավոր իրավիճակ է,-ասել է Փաշինյանը,-կատարել ենք այնպիսի ընտրություն, որ իրավիճակը պահենք հավասարակշիռ իրավիճակում»։

Վարչապետը նշել է, որ դեպքերի մեծ մասն արձանագրվել է բանկային համակարգում, թիրախում գտնվել են այն մարդիկ, որոնք կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով օգնություն են գնացել ստանալու։

«Օգնությունը ստանալու համար այդ մարդիկ պետք է գնային բանկեր եւ հիմա ստացվում է, որ մեր օգնություններով մենք մարդկանց օգնել ենք նաեւ վարակվել։ Բանկերը, ցավոք սրտի, ոչ բոլոր դեպքերում պատշաճ մակարդակով պահեցին անվտանգության կանոնները»,-նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ իրավիճակը բարդանում է, եւ պետք է խստագույնս հետեւել պարետի սահմանած կանոններին։