Պատվաստանյութ լինելու է, դա միակն բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին. Թորոսյան

 Հանրային առողջապահության մասնագետները եկել են այն համոզման, որ պատվաստանյութ լինելու է: Դա միակն բանն է լինելու, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նախ նշեց, որ պատվաստանյութերի մշակումը և դեղորայքի մշակումը երկու տարբեր պրոցեսներ են: «Բայց դրանք երկուսն էլ զուագեռ ընթանում են աշխարհում, և մենք երկուսով էլ գործողություններ ենք իրականացնում: Որպես օրինակ՝ Ռեմդեսիվիրի խմբաքանակ ենք գնել, որը մոտավորապես 1 շաբաթ, 10 օրից Հայաստանում կլինի, բանակցություններ ենք վարում ռուսական Աֆիվավիրի, ինչպես նաև ճապոնական և ռուսական Ֆավիպիվավիրի համար: Ճապոնիայից արդեն ստացել ենք: Դա հիմա մեզ մոտ է և շուտով կսկսի օգտագործվել»,-ասաց Թորոսյանը:

Այլ է իրավիճակը պատվաստանյութերի մասով: Աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ: «Եվ կոնսենսուային մի իրավիճակ կա, որ արդեն հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ ամեն դեպքում պատվաստանյութ լինելու է, այսինքն՝ այդ համոզվածությունը շատ կարևոր է: Այդ համոզումը եկել է ժամանակի ընթացում, սկզբում այդ համոզումը չկար, և մենք բոլորս ավելի մեծ անորոշության մեջ էինք ապրում»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը նկատեց, որ այդ համոզման զարգացմանը զուգընթաց՝ երկրները քննարկում են ապագա վերջնական հաստատված պատվաստանյութերի գնման հարցերը: Եվ «Մոդեռնա» ընկերության պատվաստնյութը դրանցից մեկն է, ամենահավանական վերջնական պրոդուկտներից մեկը: Բայց դա միակը չէ, կան ավելի խոշոր արտադրողների ապագա պատվաստանյութեր: Այդ արտադրողների՝ այլ հիվանդությունների՝ գրիպի, կարմրուկի, դեմ պատվաստանյութերը Հաայստանը միշտ գնել է: «Մենք միշտ օգտագործել ենք աշխահի լավագույն պատավաստանյութերը, ինչը և շարունակում ենք անել այլ հիվանդությունների համար: Այս հիվանդության մասով բանակցություններ, իհարկե, ընթանում են, բայց դրանք շատ նախնական են, և այստեղ նույնպես արդեն նույնիսկ ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են: Անորոշություններից մեկն այն է, որ տարբեր երկրներ ի սկզբանե գնում են դեռ չարտադրված կամ արտադրված, բայց չհաստատված մեծ խմբաքանակներ: Օրինակ՝ մի անգլիական պարբերական գրել էր, որ Մեծ Բրիտանիան գնել է մոտ 60 մլն դոզա ապագա պատավաստանյութ՝ մոտ 500 մլն ֆունտով: Դա նշանակում է, որ այլ պետությունների դա չի հասնի, քանի որ, ենթադրաբար, նրանք ուշացել են»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը համեմատություն արեց սառը պատերազմի ժամանակների հետ, երբ բոլորը փորձում էին նոր զենքեր արտադրել, հիմա էլ բոլորը փորձում են դեռ չարտադրված և դեռ չհաստատված պատվաստնյութերի խմբաքանակներ գնել՝ նույնիսկ տարբեր տեղեկություններով գումարը նախապես վճարելով: Բանակցությունների մեծ մասը գաղտնի է: «Սակայն մենք որոշել ենք առնվազն սկսել այդպիսի խոսակցություններ թե ուղիղ արտադրողների հետ և թե հավաքական գնորդների հետ, ինչպիսիք են ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԳԱՎԻ-ն, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել մեկ մեծ խմբաքանակ և հավասարաչափ բաշխել:

Դա թույլ կտա ապահովել հավասարության, արդարության զգացումը. այնպես չստացվի, որ երկիրը, որն ի սկզբանե չի ունեցել 500 մլն ֆունտ՝ այդքան մեծ խմքաբանակ գնելու համար, զրկվի կյանք փրկող պրոդուկտից, որը փաստացի միակ բանն է լինելու, որ մեզ թույլ է տալու վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին»,-ասաց Թորոսյանն ու նկատեց, որ այլ պարագայում դժվար է լինելու վերադառնալ սովորական կյանքին: