Մանե Թանդիլյանը դիմել է վարչապետին՝ առաջարկելով հանգստի ուղեգրեր տրամադրել համավարակի դեմ պայքարող բուժաշխատողներին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ Վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և հավատարիմ մնալով Հիպոկրատի, երդմանը շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։

Առաջարկի հիմնավորումն այն է, որ այս ժամանակահատվածում բուժաշխատողները աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակը իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի՝ շարունակելու իրենց գործունեությունը։

«Այս առաջարկը կյանքի կոչելով ոչ միայն կարևորվում է բուժաշխատողների կյանքն ու առողջությունը, այլև խթանում է Հայսատանի Հանրապետությունում գործող հյուրնոցային բիզնեսի գործունեությանը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում», նշված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հաղորդագրության մեջ։