«Մայրս Հայաստանի մանկատների 688 աշխատողներից մեկն է, ում աշխատավարձը այս տարվա մայիսի 1-ից կբարձրանա». Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրում է.

«Մայրս Հայաստանի մանկատների 688 աշխատողներից մեկն է, ում աշխատավարձը այս տարվա մայիսի 1-ից կբարձրանա՝ համաձայն կառավարությունում այսօր ընդունված որոշման։ Ըստ այս որոշման, մանկատան աշխատողների աշխատավարձերը բարձրանում են միջինում 21 տոկոսով (ընդհանուր տիպի մանկատների աշխատողներինը՝ 30 տոկոս, հատուկ տիպինը՝ 17 տոկոս):

Մինչ այդ դեռևս հունվարից բարձրացել էին նաև տուն-ինտերնատների աշխատողների աշխատավարձերը միջինում 26 տոկոսով (ընդհանուր տիպի ինտերնատների աշխատողներինը՝ 42 տոկոս, հատուկ տիպինը՝ 20 տոկոս)։

Եվ սա արդյունք է բացառապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արդյունավետ կառավարման։ Այսինքն՝ ոչ թե հարկատուների նոր միջոցներ են ներդրվել ոլորտ, այլ աննպատակային ու ստվերային արտահոսքերն են կանգնեցվել։

Ճիշտ է պետական ոլորտի աշխատողների և առհասարակ մեր երկրի քաղաքացիների բարեկեցության աճը մեր քաղաքական թիմի հանձնառությունն է, և նախարար Զարուհի Բաթոյանը ու փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը այս ուղղությամբ աշխատելիս հենց այդ հանձնառությունն են իրականացնում, սակայն չեմ վարանի գնահատել և շնորհակալությունս հայտնել՝ իրենց կատարած և դեռ կատարվելիք բարեփոխումների համար։ Անձամբ գիտեմ որքան սպասված են այսպիսի բարեփոխումները մեր երկրում։

Մայրս 20 տարի է, ինչ աշխատում է Երևանի մանկատներից մեկում և նրա աշխատավարձն այս տարիներին երբեք չէր բարձրացել։ Նույնիսկ նախկին կառավարություններից մեկի օրոք նվազել էր»։

Մայրս Հայաստանի մանկատների 688 աշխատողներից մեկն է, ում աշխատավարձը այս տարվա մայիսի 1-ից կբարձրանա՝ համաձայն…

Gepostet von Lena Nazaryan am Donnerstag, 23. April 2020