Իրավունք ունի՞ պետական գաղտնիք տիրապետող անձը պաշտոնը լքելուց հետո հատել երկրի սահմանները. Fip.am

Իրավունք ունի՞ պետական գաղտնիք տիրապետող անձը պաշտոնը լքելուց հետո հատել երկրի սահմանները. Fip.am
Իրավունք ունի՞ պետական գաղտնիք տիրապետող անձը պաշտոնը լքելուց հետո հատել երկրի սահմանները. Fip.am

Հարց։ «Փաստերի ստուգման հարթակին» ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարց է ուղղել՝ արդյո՞ք ԱԱԾ տնօրենը գործից ազատվելուց հետո իրավունք ունի երկրից անընդհատ դուրս գալ: Որևէ արգելք չկա՞, օրինակ, պետական գաղտնիքների պահպանության մասով:

Պատասխան։ Ըստ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի՝ պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացու իրազեկ լինելու իրավունքը կարող է դադարեցվել, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։ 

Սակայն նույն հոդվածով սահմանված է նաև, որ պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունքի դադարեցումը քաղաքացուն չի ազատում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունից:

Եվ չնայած օրենքը արգելում է պետական և ծառայողական գաղտնիքի տիրապետող անձին տարածել իրեն հասանելի պետական կամ ծառայողական գաղտնիք, սակայն որևէ կերպ չի սահմանափակում քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ նույնիսկ եթե վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ 

Այսպիսով՝ պետական գաղտնիքի տիրապետող անձը, որն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, կարող է ազատորեն հատել երկրի սահմանները, սակայն իրավունք չունի տարածել ի պաշտոնե իրեն հասանելի դարձած պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները։

Սևադա Ղազարյան

www.Fip.am