Մարդիկ որոշել են մինչև վերջ խայտառակել Արցախի պետական կառույցներն ու պետականությունը․ Խանումյանը՝ նախագահի նստացույցի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը

Պարո՛ն Խանումյան, Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված այսօրվա իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք։ Պատերազմից հետո արդյոք չկա՞ր հնարավորություն, որ Արցախը չհայտնվեր այն իրավիճակում, որում է այսօր։

– Նույնիսկ ամենածանր պահերին հնարավորություններ կան, սակայն, կարծում եմ, այդ հնարավորությունները նորմալ չեն օգտագործվել։ Անգամ այս պահին, երբ ամենօրյա ռեժիմով օղակը լրջորեն սեղմվում է, նույնիսկ այս դժնդակ պահերին հնարավորություն կա իրավիճակը մեր օգտին փոխելու։ 

Մենք 1992 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին եղել ենք այս նույն իրավիճակում, բայց փոխել ենք իրավիճակը, երբ որոշել ենք լրջորեն վերաբերվել մեր պարտականություններին, լիազորություններին։ Նույն վիճակում ենք նաև այսօր, տարբերությունը շատ մեծ չէ, հետևաբար պատերազմից հետո ևս հսկայական աշխատելու ֆրոնտ է եղել, այսօր էլ դա կա, կարևորը՝ մարդիկ գիտակցեն իրենց պարտականությունները, պատասխանատվությունները ու գործեն ըստ այդմ։

– Արցախի այսօրվա իրավիճակի համար ո՞վ է մեղավոր ու պատասխանատու, ըստ ձեզ, որովհետև մինչ օրս բոլորը բոլորին մեղադրում են, ու այդպես էլ պարզ չէ, թե իսկապես ով կամ ովքեր են մեղավորները։

– Արցախի այս իրավիճակի պատասխանատուն Արցախի իշխանություններն են, այլ պատասխանատու չկա, նրանք են ստանձնել անվտանգությունը, բարեկեցությունը, սոցիալական արդարությունը ապահովելու պատասխանատվությունը և այլն, եթե այդ ամենը բացակայում է, հետևաբար մեղավորը Արցախի իշխանություններն են, ովքեր էլ լինեն դրանք, ինչ տեսքով էլ լինեն, ներառյալ նաև այն շրջանը, երբ ես ևս իշխանության մաս էի։

– Պարո՛ն Խանումյան, վստահաբար լսել եք, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը, Արցախի իշխանական էլիտայի և ոչ միայն ներկայացուցիչները ասում են, թե հիմնական մեղավորը Հայաստանի գործող իշխանությունն է, քանի որ ինքն է լիազորված ու վարում է բանակցությունները Արցախի հարցի վերաբերյալ։ Այս դիտարկմանն ինչպե՞ս կարձագանքեք։

– Տրամաբանությունը նույնն է, ուզում եմ նշել, որ պատասխանատուն այն մարդիկ են, որոնք Արցախը սուբյեկտից դարձրել են օբյեկտ։ Ճիշտ է, Հայաստանի իշխանություններն են դրա նախաձեռնողները եղել, բայց նրանց այդ հարցում ժամանակին աջակցել են Արցախի իշխանությունները, ու այդ մոդելը մեզ բերել է աղետի։ 

Հիմա կարելի է այս վիճակի համար Հայաստանի իշխանություններին մեղադրել, հայհոյել, սակայն դա էական բան չի փոխում խնդրի լուծման բանալին գտնելու գործում։ Հայաստանի ընդդիմությունը կարող է Արցախի վիճակի համար մեղադրել Հայաստանի իշխանություններին, սակայն պետք է գիտակցել, որ Արցախում հստակ լուծելիք խնդիրներ կան, որոնք կոնկրետ այստեղի հարցեր են, ու Հայաստանի իշխանությունն այդտեղ կարևոր դեր ունի, բայց՝ ոչ որոշիչ։ Որոշիչն այստեղի իշխանությունն է, հիմնական որոշելիքը պետք է լինի Ստեփանակերտում ու պարտադրվի, այդ թվում և՝ Երևանին։

– Արցախում մեկնարկել է համապետական շարժում-բողոքի ակցիա, հանրապետության նախագահն ու խորհրդարանի նախագահը հայտարարեցին, որ նստացույց են անելու՝ միանալով շարժման մասնակիցներին։ Պետական կառույցների ղեկավարների կողմից նման քայլի դիմելն ինչի՞ մասին է խոսում, այս իրավիճակում նրանց հնարավոր կամ միակ գործողությունը դա՞ էր, որ պետք է անեին։

– Պետության ղեկավարների նման քայլի դիմելը ցույց է տալիս, որ այս մարդիկ չունեն պետական մտածելակերպ, չգիտեն՝ ի՛նչ է պետությունը, ի՛նչ է պատասխանատվությունը, ո՛րն է պետության ղեկավարի գործառույթները, ի՛նչ պետք է անի նա հատկապես ճգնաժամային իրավիճակում, հետևաբար այն, ինչ անում են, բավականին տխուր երևույթ է, ու պետք էր հնարավորինս զերծ մնալ նման հիմարություններից, բայց, ինչպես տեսնում եք՝ մարդիկ որոշել են մինչև վերջ խայտառակել Արցախի պետական կառույցներն ու պետականությունը։

– Այս ակցիաները ինչ-որ ձևով կարո՞ղ են բեկել գործողությունների ընթացքը։

– Այս ակցիաները կարող են բեկել իրադարձություններն այն առումով, որ ժողովուրդը հասկանա, որ իշխանությունները պատրաստ չեն որևէ պատասխանատվություն ստանձնելու, որ այս իշխանությունները տանելու են աղետի, որ սրանց օր ավելի մնալը սպառնում է բոլորիս անվտանգությանը՝ մեր երեխաների կյանքի գնով, և վճռական քայլերի դիմենք սրանց ասելու, որ, ընկերնե՛ր, դուք չեք կարողանում երկիր ղեկավարել, դուք անպատասխանատու, պետական մտածողություն չունեցող մարդիկ եք, գնացեք ձեր տուն, կգան մարդիկ, որոնք կարող են պարտավորություն վերցնել ու իրականացնել այդ ամենը։

– Պարո՛ն Խանումյան, իրավիճակից դուրս գալու ճանապարհը ո՞րն է ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեն Հայաստանի ու Արցախի իշխանությունները։

– Կարծում եմ, որ Արցախում այս պահին մեկ քաղաքական ուժ կա, որ իրավիճակը փոխելու հստակ ծրագիր ունի, դա Սամվել Բաբայանն է, որը մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժի ղեկավարն է, ունի իրավիճակից դուրս գալու հստակ ծրագիր ինչպես Ադրբեջանի հետ հարաբերությունների, այնպես էլ անվտանգության ու պաշտպանունակության բարձրացման առումով, հետևաբար ես կանգնած եմ այս ծրագրի կողքին ու ամեն կերպ աջակցելու եմ այդ ծրագրի իրականացմանը, իսկ դրա համար առնվազն պետք է, որ ներկայիս անպատասխանատու պետական գործիչներն իրենց տեղերը զիջեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am