Արցախի փողոցում գտնված աղջնակը շուտով անուն, ծննդական կունենա և կտեղափոխվի մանկատուն․ Ազատություն

Լոռիում 28-ամյա մայրը միայնակ ծննդաբերել է ու սպանել նորածնին

«Ընկեցիկ աղջիկ» գրառման տակ հանգիստ քնած է 9 օր առաջ Արցախի փողոցի շենքերից մեկում լքված նորածինը։ Նա դեռևս «Մուրացան» համալսարանական կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունքում է, բայց բժիշկ Դավիթ Լոռենցն ասում է, որ առողջական խնդիրներ արդեն չունի, գրում է Ազատությունը։

«Թթվածին կախյալ է եղել։ Ներկա պահին ինքնուրույն շնչում է, առողջական խնդիրներ չունենք։ Բոլոր հետազոտություններ որ արել ենք, նորմայի սահմանում են։ Սպասում ենք բալիկի փաստաթղթերին», – «Ազատությանն» ասաց Լոռենցը։

Նորածնին հուլիսի 13-ին իր դռան դիմաց արկղի մեջ հայտնաբերել էր Անահիտ Ավետիսյանը՝ Արցախի փողոցի 8/4 շենքի մի բնակչուհի։ Փոքրիկն անխնամ, հետծննդյան բարդություններով էր ու ինչպես հետո հիվանդանոցում պարզվեց՝ արդեն ինֆեկցիայով։

Ոստիկանությունը դեռ որոնում է մորը։ Պարզ չէ, թե ով է ծննդաբերելուց ժամեր անց երեխային թողել օտար հասցեում։ Փոքրիկով հիվանդանոցում էլ միայն օտարներն են հետաքրքվել։

«Ազգաբնակչությունն է միայն հետաքրքրվում, հարազատներից մարդ չի եկել։ Մարդիկ կան, գալիս ասում են՝ պատրաստ ենք տանենք, մեր տներում պահենք», – փոխանցեց բժիշկը։

Փոքրիկ աղջիկն այս ուշադրությանը պատասխանել է անթերի առողջությամբ։ Սա «Մուրացանի» բժիշկներին ամենաշատն է ուրախացնում։ Քաշն արդեն 2 կիլոգրամ 760 գրամ է, ուտում է, կերածը մարսում, հազվադեպ անհանգստացնում։

Առաջիկա օրերին փոքրիկը կտեղափոխվի մանկան տուն։ Սոցապ նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Բադալյանի տեղեկացմամբ, մի քանի ամիս կտևի մինչև աղջնակը որդեգրման ենթակա երեխաների բազա մտնի՝ եթե իհարեկ մայրիկը չհայտնվի. – «Մանկան տանը կխնամվի, մինչև այլ ընտանիքի մոտ տարբերակ նախատեսվի երեխայի համար, կամ էլ որդեգրվի։ Առայժմ որդեգրման մասին չենք խոսում, քանի դեռ երեխայի կենսաբանական ծնողների վերաբերյալ որևէ ինֆորմացիա չունենք, երեխայի ընկեցիկությունը դեռևս հաստատված չէ։ Մոտ չորս ամիս դեռևս կձգվի այդ պրոցեսը»։

Կարինե Բադալյանը շեշտում է, թե լավ տարբերակը կլինի այն, որ երեխան մինչև որդեգրումը խնամվի ու սիրվի խնամակալ կամ խնամատար ընտանիքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում