«Սեֆիլյանը թույլ չի տալու, որ Սերժ Սարգսյանը Արցախի հողերն ինքնակամ հանձնի, դրա համար մեկուսացրեցին»․ Սյուզան Սիմոնյան

«Սեֆիլյանը թույլ չի տալու, որ Սերժ Սարգսյանը Արցախի հողերն ինքնակամ հանձնի, դրա համար մեկուսացրեցին»․ Սյուզան Սիմոնյան
«Սեֆիլյանը թույլ չի տալու, որ Սերժ Սարգսյանը Արցախի հողերն ինքնակամ հանձնի, դրա համար մեկուսացրեցին»․ Սյուզան Սիմոնյան

Ինչպես հայտնի է, այսօր մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է ազատամարտիկ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը»: Իրավապահներն այժմ խուզարկություն են կատարում նրա տանը: Սեֆիլյանի ձերբակալության վերաբերյալ «Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Սյուզան Սիմոնյանին:

-Տիկին Սիմոնյան, ի՞նչ տեղեկություն կարող եք մեզ հայտնել տեղի ունեցածի մասին:

-Դեռ հստակ տեղեկություն չունենք՝ իրականում ինչ է եղել: Գիտենք, որ Սեֆիլյանի տան դուռը կոտրել են, մտել են այնտեղ: Պատգամավոր Զարուհի Փոտանջյանը զանգ տվեց, ասում է՝ ինքն այնտեղ է, մի քանի մեքենաներ են կանգնած Սեֆիլյանի տան մոտ և ոչ ոքի ներս չեն թողնում: Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը զանգեց, գնում էր այնտեղ, տեղեկություն չունի: Ժիրայր Սեֆիլյանի տանն այժմ խուզարկություն է կատարվում, նաև ՇԱԳԱՄ-ում (Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում) է խուզարկություն կատարվում:

-Ի՞նչ տեղեկություն ունեք, նրա հետ այլ անձի՞նք էլ են ձերբակալվել, որովհետև Քննչական կոմիտեի հաղորդագրությունում գործի հետ կապվող մի խումբ անձանց մասին հիշատակում կա:

-Հենց այդ է, որ մենք տեղյակ չենք: Ոչ Կարո Եղնուկյանն է տեղյակ, ոչ էլ ես, իսկ մնացածների հեռախոսներն անջատված են: (Ավելի ուշ Սյուզն Սիմոնյանը հրապարակեց, որ Բերման են ենթարկվել Վարուժան Ավետիսյանը, Արմեն Միքայելյանը, Վիտո Դավթյանը, Արմեն Լուսինյանը, Էդուարդ Գրիգորյանը, Երեմ Խոնդկարյան֊ Խմբ․)

-Տիկին Սիմոնյան, իսկ ինչ գնահատական կտաք տեղի ունեցածին, սա քաղաքական հետապնդո՞ւմ է:

-Իհարկե, քաղաքական հետապնդում է: Սեֆիլյանը թույլ չի տալու, որ Սերժ Սարգսյանը Արցախի հողերն ինքնակամ հանձնի: Եվ քանի որ ինքը տեսավ, որ իր խոստումները չի կարողանալու իրականացնել, դրա համար Սեֆիլյանին մեկուսացրեց: Այլ հարց չկա այստեղ:

-Այսինքն՝ շինծո՞ւ է այն մեղադրանքը, որ զենք են հայտնաբերել նրա մոտ:

-Իհարկե, շինծու է: Սեֆիլյանն ամեն ինչ անում է օրենքով, օրենքի սահմաններում: Եվ նման բան հնարավոր չէ: Փողոցում ինչ-որ մի մեքենա են կանգնեցրել, չգիտեմ, տեղյակ էլ չեմ, ասում են՝ զենք կա: Ես ուշ երեկոյան Սեֆիլյանի հետ եմ եղել, եթե այդպիսի բան լիներ, ես տեղյակ կլինեի:

-Ինչո՞ւ հենց հիմա որոշվեց Սեֆիլյանին ձերբակալել: Այս նույն մեղադրանքով՝ զենքի գործադրմամբ շենքեր ու շինություններ գրավելու, նախորդ տարեվերջին եղան ձերբակալություններ:

-Որովհետև հենց հիմա նա բավական մարդ է հավաքել, որպեսզի գնան Արցախ ու հետ բերեն հողերը: Որովհետև այսօր Սերժ Սարգսյանը գնացել է նրանց հետ հանդիպման: Նա գնացել է նորից ծախելու երկիրը, այդ նպատակով է գնացել, ուրիշ ի՞նչ նպատակով պետք է գնար:

-Այսինքն՝ անմիջական կա՞պ եք տեսնում Սանկտ-Պետերբուգում անցկացվող հանդիպման ու Սեֆիլյանի ձերբակալության միջև:

-Իհարկե, անմիջական կապ կա Սերժ Սարգսյանի՝ այնտեղն գնալու, նրանց հետ հանդիպելու և Սեֆիլյանին մեկուսանցնելու միջև:

Էմմա Մանուկյան

MediaLab.am