«Նայում եմ տան նկարներն ու վիդեոները, աղջկաս ասում եմ՝ Էմմա, էլ չենք կարա գնանք»․ Շուռնուխ գյուղում տան հանձնումը շոկ է եղել Արշակյանների համար

30-ամյա Շուշան Արշակյանի համար Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում գտնող հայրական տան հանձնման լուրը շոկ է եղել։ Ասում է, որ մինչև վերջին օրը եղել են տեղեկություններ, որ գյուղը կմնա Հայաստանի տարածքում, ադրբեջանցիներին չի անցնի, բայց այսօր առավոտյան իմացել են, որ պետք է լքեն տունը։

«Տունը հանձնելու վերաբերյալ խոսակցություններ օդում կային, բայց ասում էին՝ կխոսենք, գյուղի ներքևի մասը կմնա, մի անհանգստացեք, իսկ այսօր հակառակը պարզվեց։

5 օր առաջ ասեցին՝ դե, կգա ադրբեջանական կողմը, էդ ժամանակ արդեն հստակ պարզ կլինի: Համարյա 3 օր սպասում էինք, եկան՝ չափագրողներով ու ասեցին, որ մեր գյուղի ներքևի մասը մնում է իրենց մոտ»,- «Մեդիալաբին» պատմում է Շուշան Արշակյանը։ 

Շուշան Արշակյանը ընտանիքի հետ դպրոցահասակ տարիքում Գորիսից տեղափոխվել է Շուռնուխ, նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են սիրելի գյուղում։ Ամուսնանալուց հետո Երևանում է հաստատվել։ Տանն ապրում են մայրը, հայրը և քույրը։ Ասում է, թե չի պատկերացնում, որ այլևս հայրական տուն այցելելու հնարավորություն չի ունենա:

«Մեր տունը գյուղի ամենաներքևի տունն է, կպած է անտառին, տան մոտ գետ կա, միշտ էնքան ապահով էր, փոքրիկ աղջկաս հետ գնում էինք այդ մասում զբոսնում, հիմա նայում եմ նկարներն ու վիդեոները, աղջկաս ասում եմ՝ Էմմա, էլ չենք կարա գնանք։

Մորս հետ էլ խոսելիս բառերն ընտրում եմ, որ չցավացնեմ, ավելի չխորացնեմ ցավը, ահավոր շոկ է»,- նշում է Շուշան Արշակյանը։

Արշակյանի մայրն ու քույրը տնից հանել են իրերը՝ հեռուստացույց, համակարգիչ, հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր ու տեղափոխվել են Գորիս։ Հայրը՝ Հակոբ Արշակյանը, որը Շուռնուխի վարչական ղեկավարն է, դեռ չի տեղափոխվում:

«Մամաս ու քույրիկս տեղափոխվում են Գորիս, հայրիկս գյուղում կմնա, բայց ոչ տանը, այլ՝ շտաբում, մինչև որ որոշում կայացնեն՝ ինչ են անելու։ 

Մեր ընտանիքի համար տեղափոխման հարցը դժվար է, հայրս վարչական ղեկավարն է, իր գնալով՝ գյուղը կհայաթվի, գոնե որ ինքը տեղում ա, մյուսները տեսնում են, որ գյուղապետը էնտեղ ա, մնում են»,- նշում է Արշակյանը։

Արշակյանները տունը չեն այրել, հույսը չեն կորցնում, որ վերադառնալու հնարավորություն կստեղծվի: 

«Հայրս ծայրահեղ լավատես է, մտածում է՝ մի բան կլինի, լավ կլինի, կխոսենք, տեսնենք»,- ասում է Արշակյանը։

Նշում է, որ իր ընտանիքի համար տնից ավելի ցավալի էր, որ չհաջողվեց պահպանել ճանապարհի վերահսկողությունը։

«Մեր համար իրականում ավելի ցավալի էր ճանապարհի վերահսկողությունը կորցնելը, տունը ցավալի է, բայց ավելի ցավալի էր ճանապարհի վերահսկողությունը կորցնելը։ Դա էլ չհաջողվեց պահել»,- մտահոգված նշում է նա։

Ասում է, որ ի տարբերություն հոր՝ ինքը խիստ վատատես է․ «Համաձայնագրի ստորագրումից հետո ասում էի՝ լավ բանի չսպասեք, հանձնումը միանգամից չէր լինում, որ էդ շոկը շատ մեծ չլինի, այսինքն՝ որ էդ մարսենք, հաջորդը ուրիշ բան լինի։ 

Միանգամից չի ներկայացվում, չի ասվում, որ չգժվենք, մի հատ թողնում են, որ հանգստանանք, ու անցնում են առաջ»,- նեղսրտած ասում է Շուշան Արշակյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am