«Գյուղը կթողնե՞ն մեր ձեռքին, ուրեմն ամեն ինչ տոչնի ա, եթե ոչ՝ մենք ջոկատներով պատրաստ ենք դիմակայել». Շուռնուխի գյուղապետ

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը (Լուսանկարը՝ Արամ Ներսեսյան)

Ադրբեջանական կողմը քարտեզներով ու GPS-ով այսօր մուտք է գործել Սյունիքի մարզի Որոտան ու Շուռնուխ գյուղեր՝ պնդելով, որ գյուղից որոշ տարածքներ պետք է անցնեն իրենց վերահսկողության տակ։ Խնդրի շուրջ «Մեդիալաբը» զրուցել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ։

– Պարո՛ն Արշակյան, ի՞նչ իրավիճակ է գյուղում, օրվա ընթացքում ի՞նչ որոշում կայացվեց։

– Այս չարիք իրավիճակը միայն մեզ մոտ չէ, համազգային է։ Այսօր եկան ռուսները թուրքերի հետ, ֆիքսեցին տարածքը, թե որն է իրենցը։ Եկան GPS-ով, քարտեզի վրա նշումներ արեցին, գնացին։

Ըստ իրենց GPS-ի՝ գյուղի ներքևի տները՝ 11 տուն, պետք է անցնի իրենց վերահսկողության տակ։ Ինձ ու ժողովրդին, անձամբ ինձ ոչ մի բան չեն ասել տարածքն ազատելու հետ կապված։ Խնդիրը նրանում է, որ եկան իրենց «ներկա»-ն դրեցին ու գնացին։

ԽՍՀՄ տարիներին այդ տարածքներն իրենց վերահսկողության տա՞կ են եղել։

– Շուռնուխը՝ իր երեք գյուղերով հանդերձ ԽՍՀՄ տարիներին եղել է Գորիսի վարչական շրջանում։ Մի կոլխոզի նախագահ է նստել Շուռնուխում՝ իր պեչատով։ Հիմա այն երեք գյուղերը բնակելի չեն, Շուռնուխն է բնակելի։ Մեր վարչական տարածքում է եղել, քարտեզներով մերն է։

Այդ դեպքում ինչպե՞ս են հիմա պնդում, որ այդ գյուղի ներքևի հատվածն իրենց ենթակայությամբ պետք է լինի։

– Դե, մեր քարտեզները քննարկման ենթակա են։ Այնպես չէ, որ այսօր ադրբեջանցիները եկան, մենք պետք է սարսափենք։ Ամեն տեղ էլ գնում են՝ Որոտանից սկսած։ Ժողովուրդն էլ անհամբեր վիճակում է։ Երբ անհամբեր լավ բանի ես սպասում, էդ ուրիշ բան է, բայց անհամբեր մի հիմար բանի սպասելն արդեն ահավոր երևույթ է։

Մարդկանց տրամադրվածությունն ինչպես է, կգնա՞ն գյուղից, թե՞ կմնան։

– Այսօր մենք խորհրդակցություն արեցինք։ Լրիվ պատրաստակամ են ու միահամուռ սպասում ենք՝ մինչև իրենք մոտիկանան, ու վերջնական որոշում լինի։ Գյուղը կթողնե՞ն մեր ձեռքին, ուրեմն ամեն ինչ տոչնի է։

Եթե ոչ, մենք պատրաստ ենք դիմակայել, մինչև կմիջամտի պաշտպանության նախարարությունը։ Մենք այստեղ մենակ չենք, ունենք սահմանապահ զորքեր, ջոկատ ունենք։ Կան պատրաստ ջոկատներ, Աստված չանի, վատ սցենարի դեպքում մենք կպայքարենք։

Այսինքն՝ գյուղացիները հակված չե՞ն իրենց տները զիջել։

– Այո՛, չեն զիջելու։ Ամեն դեպքում փորձելու ենք մերը մեր ձեռքին պահենք։

Վարչապետն այսօր ասաց, որ կառավարությունը փոխհատուցում կտա այդ ընտանիքներին, նաև ասաց, որ Շուռնուխում ու Որոտանում ցավոտ լուծումներ կարող են լինել նաև։

– Ես լսել եմ նման բան։ Ես շտաբից հենց նոր իջա տուն։ Հեռախոսի զանգերով տեղեկացել եմ, որ վարչապետը ասել է։ Ինչի՞ մասին է խոսքը, փոխհատուցում։ Այդ գումարով Գորիսում կամ այլ տեղ տուն գնեն, բայց հարցը դա չէ։

Հարցն էն է, որ եթե ներքևի թաղը տվեցիր, վերևի թաղը ո՞ւմ շունն ա լինելու։ Այստեղ արդեն զինվորական պալիգոն ա դառնալու, նստելու են զինվորականներ, սահմանապահներ։ Այստեղ էլ խաղաղ բնակչություն չի կարող լինել։

Իսկ եթե ներքևի թաղը մեր ձեռքին ենք պահում, ես հավատացնում եմ, որ գոնե այս մայրուղին կաշխատի։

Այսինքն՝ կապանցին, ցանկացած մարդ Կապան-Մեղրի գնալու համար այս ճանապարհից կօգտվի։ Իսկ եթե ոչ, ապա աբսուրդ է։ Շատ անտառաշատ ու բարդ տարածք է։

– Արց ախի վերաբերյալ կնքված եռակողմ փաստաթղթով կողմերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ կանգնած էին նոյեմբերի 9-ի դրությամբ։ Բայց ադրբեջանական զորքերն առաջ եկան, ինչպե՞ս եք գնահատում այս վիճակը։

– Խնդիրը հենց դա էր։ Մեր ջոկատը գյուղից 5 կմ առաջ էր նստած ու դիրքավորված։ Մեր ձախ հատվածում զորքն էր, աջ հատվածում՝ նույնպես, մենք ամենամեծ բարձունքում էինք։

Մենք բլինդաժներ, խրամատներ էինք սարքել, մին էլ, ըհն, ձմեռը, փռեց իրեն թևերը։ Ձախ թևի ու աջ թևի զորքերը հանեցին ու խաբար արեցին, որ կգան կտանեն տղաներին, չես կարա պատասխան տաս։ Եվ մենք եկանք գյուղ։

Այսօր պաշտպանության նախարարին ինչ հարց տալիս ենք, ասում է՝ դու ճիշտ ես։ Երկու ժամ ու կես մեզ կանչեց խորհրդակցության, ոչ մի բան չասաց։ Երևի նախապատրաստական աշխատանքներն էր տանում։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am