Ուկրաինայում խաղաղության հաստատմանը խոչընդոտում է ոչ թե Պուտինը, այլ Զելենսկին․ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման գործընթացը դանդաղեցնում է ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան։ Reuters-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել արդեն շուրջ չորս տարի շարունակվող ուկրաինական պատերազմը։

«Կարծում եմ՝ նա պատրաստ է գործարքի։ Կարծում եմ՝ Ուկրաինան շատ ավելի քիչ է պատրաստ գործարք կնքելուն», – ասել է Թրամփը։

Հարցին, թե ինչու ԱՄՆ-ի ղեկավարած բանակցությունների արդյունքում չի հաջողվում կարգավորել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենախոշոր ցամաքային հակամարտությունը, Թրամփը պատասխանել է մեկ բառով․ «Զելենսկի»։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ տեղյակ չէ իր բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Մոսկվա հնարավոր այցի մասին, որի վերաբերյալ նախօրեին հաղորդել էր Bloomberg-ը։

Թրամփը չի բացառել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հաջորդ շաբաթ Դավոսում (Շվեյցարիա) անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպման հնարավորությունը՝ ընդգծելով, որ այս պահին որևէ ծրագիր դեռ հաստատված չէ։

Հարցին, թե ինչու է նա կարծում, որ Զելենսկին խոչընդոտում է բանակցություններում առաջընթացին, Թրամփը մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով միայն. «Ես պարզապես կարծում եմ, որ նա, գիտեք, դժվարանում է դրան հասնել»։