«Գերեվարված լինելը, Հայաստանի օրենսդրության համաձայն, ծառայությունից ազատվելու հիմք չէ». Սիրանուշ Սահակյան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

Հայաստանում գործող օրենսդրության համաձայն՝ զինծառայությունից ազատվել հնարավոր է առողջական վիճակի հիմքով կամ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում նշանակալի ձեռքբերումների համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է՝ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված 17 զինծառայողները գտնվել են ծառայության մեջ, և գերեվարումը հիմք չէ նրանց ծառայությունից ազատելու համար:

«Օրենքով կարգավորված են ծառայությունից ազատելու հիմքերը: Եթե հայրենադարձված մեր զինծառայողների մեջ կան առողջական խնդիրներ ունեցողներ, ապա դա պետք է վերագնահատվի, և նրանք պետք է բուժօգնություն ստանան: Եթե ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիր ունեն, կազատվեն, հակառակ դեպքում գերեվարված լինելը, Հայաստանի օրենսդրության համաձայն, ծառայությունից ազատվելու հիմք չէ»,- «Մեդիալաբին» ասում է Սիրանուշ Սահակյանը:

Ադրբեջանի ռազմական վերջին ագրեսիայի հետևանքով գերեվարված 17 հայ զինծառայողները մի քանի շաբաթ հետո հայրենադարձվել են: Նրանցից 4-ը վիրավոր են: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը այդ թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ՄԻՊ աշխատակազմի անդամները հանդիպումներ են ունեցել հայրենադարձված տղաների հետ, և վերջինները պատմել են խոշտանգումների ու բժիշկների կողմից վատ վերաբերմունքի մասին։ «Տղաները շատ զազրելի դեպքեր են պատմել»,– ասել էր Գրիգորյանը։

Այնուհետև մի քանի օր անց հաղորդվեց, որ հայրենադարձված զինծառայողները Քննչական կոմիտեում մասնակցում են քննչական գործողությունների, տալիս գերեվարման հանգամանքների մասին վկայություններ: Ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգման ենթարկված զինծառայողներին օրերս վերադարձրել են ծառայության:

Սիրանուշ Սահակյանն ասում է՝ այս խնդիրը 44-օրյա պատերազմից հետո ևս եղել է, և լուծումը օրենսդրական փոփոխություններն են: «Միակ լուծումը օրենսդրական քաղաքականությունը փոխելն է, նրանց հոգեբանական և այլ հանգամանքները հաշվի առնելով պետք է որոշ վերապահումներ անել»,- նշում է Սահակյանը:

Սակայն, նրա խոսքով, երևույթին միայն մեկ կողմից չպետք է նայել, չէ՞ որ բանակը և երկրի անվտանգությունը ամրացնելու խնդիր կա:

«Արդյոք գերի ընկնելուց հետո ծառայությունից ազատվելը խթան չի լինի կամովի հանձնվել գերի: Բացի այդ, ադրբեջանական կողմը կարող է պրակտիկա ձևավորել, որ գերեվարվածներն արագ հայրենադարձվեն ու ազատվեն ծառայությունից: Այդպիսի որոշումները կայացնելիս պետք է հաշվի առնել դրանց ազդեցությունը բանակի մարտունակության և ընդհանուր հոգեբանական վիճակի վրա»,- ասում է նա:

Սահակյանն ասում է, որ բանակը կարևոր ինստիտուտ է յուրաքանչյուր պետության համար, և առանց դրա երկրները չեն կարող ունենալ խաղաղություն: Նրա խոսքով՝ շատ ընտանիքներ հետաքրքրված են, որ բանակ չլինի երկրում, և իրենց որդիները չգնան ծառայության, բայց պետք է հաշվի առնել, որ նրանք շահագրգիռ կողմ են: «Բանակը երկրի խաղաղության գրավականն է»,- հավելում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am