Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո․ Տեսանյութ

Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո․ Տեսանյութ
Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո․ Տեսանյութ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ լավ բարեկամին և գործընկերոջը՝ Դավիթ Զալկալիանիին: Մենք այս մեկ տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ առիթներ միմյանց հետ շփվելու և քննարկելու մեր օրակարգի բազմաթիվ հարցեր: Շփումների և անմիջապես միմյանց հասանելի լինելու խնդիր երբևէ չենք ունեցել, և շատ շնորհակալ եմ Դավիթին այս աշխատելաոճի համար: Եվ այժմ տեղի է ունենում իմ պաշտոնական այցը Վրաստան, որը շատ լավ առիթ է, որպեսզի մենք կարողանանք ամփոփ և համապարփակ ձևով անդրադառնալ մեր երկկողմ օրակարգին:

Ցանկանում եմ ընդգծել մեր բավարարվածությունը այն բավականին բարձր դինամիկայի առնչությամբ, որն առկա է մեր հարաբերություններում, շփումներում, մեր համագործակցության մեջ: Մեր վարչապետները շատ ակտիվ երկխոսության մեջ են միմյանց հետ: Մի քանի փոխայցելություններ են տեղի ունեցել: Մեր նախագահները շատ ակտիվ շփվում են միմյանց հետ: Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ Հայաստան – Վրաստան  միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը բավական բովանդակալից էր և ծավալուն: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի և ծրագրվել են բոլոր ոլորտներում համագործակցության աշխատանքները: Որպես կառավարություններ՝ մենք նաև փորձում ենք խթանել բոլոր շփումները բիզնես ոլորտի, քաղհասարակության շրջանակներում:

Շատ էական է համագործակցության միջխորհրդարանական հարթակը: Մենք մեր կողմից փորձում ենք մեր ներդրումն ունենալ, արտաքին ոլորտի պատասխանատուների, արտաքին ոլորտի գերատեսչությունների մակարդակով ակտիվ պահել այդ երկխոսությունը և համագործակցությունը:

Սպասում եմ իմ գործընկերոջը Հայաստանում պատասխան այցով:

Այս ամենն իր ամբողջության մեջ  արտահայտում է մեր մտադրությունների լրջությունը և պատասխատավությունը՝ որպես երկու հարևան պետություն, երկու ժողովուրդ, որոնք բազմադարյա պատմական արժեքային հիմքերի վրա կառուցած հարաբերություններ ունեն, առաջ տանելու այս հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների, մեր երկրների, բայց նաև ամենակարևորը՝ ի ամրապնդումն մեր տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, որը մեզ համար շատ կարևոր խնդիր է:

Մենք նաև փոխանակեցինք մեր մոտեցումները և տեսակետները տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը: Ցավոք, մենք դեռևս տարածաշրջանում ունենք չկարգավորված հակամարտություններ: Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը հակամարտությունների լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով, նաև այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները և իր բանակցային շրջանակը, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորում: Վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ ձևավորված շրջանակներում և ձևավորված բանակցային հարթակներում աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացներին։

Մենք ունենք շատ լավ համագործակցություն միջազգային բազմաթիվ հարթակներում և ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր մտադրությունը համատեղ աշխատանքով էլ ավելի խորացնել նման համագործակցությունը։

Մենք բավական երկար խոսեցինք օրակարգային այլ հարցերի շուրջ և շարունակելու ենք քննարկումներն օրվա ընթացքում։ Արդեն տեսաք՝ որքան ժամանակ պահանջվեց արտահայտելու, թե ինչ ենք քննարկել, որը կրկին ցույց է տալիս, թե որքան լայն է հարցերի շրջանակը, որը միավորում է մեզ՝ Հայաստանին և Վրաստանին։

Եվս մեկ անգամ խորապես շնորհակալ եմ, Դավի՛թ, շատ ջերմ հյուրընկալության համար։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։