Մադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցին իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիայի պատգամավորները

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցի ժամանակ հայ համայնքին իրենց աջակցությունն են հայտնել իսպանացի պատգամավորներն ու հայտնի իսպանահայեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» դաշինքի պատգամավորները, թավջութակահար Արա Մալիկյանը, «Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական քրեական դրամայի հայ դերակատար Հովիկ Կեուչկերյանը և բազմաթիվ այլ իսպանացիներ մասնակցել են խաղաղ ակցիային: Այն մեկնարկել էր Տերունական աղոթքով:

Անգամ հորդառատ անձրևի ժամանակ մասնակիցները չէին դադարեցրել ակցիան և շարունակել էին իրենց երթն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի ու հանուն Արցախի ճանաչման:

Նրանք վանկարկում էին, որ Ալիևը և Էրդողանը մերօրյա Հիտլեր են, ինչպես նաև «Էրդողանը և Ալիևը ահաբեկիչներ են», «Արցախը Հայաստան է», «Հաղթելու ենք» և կարգախոսներ:

Ցուցարարներն իրենց ձեռքում պահում էին Հայաստանի, Արցախի ու Իսպանիայի դրոշները: Ցույցի մասնակիցներից մեկը նկատեց, որ հայերն այլևս խեղճ ազգ չեն:

«Այժմ շարունակվում է ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպանությունը, նրանք ցանկանում են վերջ տալ մեր տեսակին: Մենք պետք է բոլոր ուժերը կենտրոնացնենք, որպեսզի մեր թշնամուն ծնկի բերենք ու ողնաշարը կոտրենք, որպեսզի թուրքն այլևս չմտածի, որ կարող է Հայաստանի կողմը նայել: Աշխարհը միշտ կանգնում է ուժեղի կողմը, թույլին էլ խղճում է, սակայն մենք այլևս խեղճ ազգ չենք: Մենք պատրաստ ենք մեր արյունը թափել մեր ազգի, սրբությունների համար»,- նշեց մասնակիցը:

Դերասան Հովիկ Կեուչկերյանն ասաց, որ իր հայրը հայ է և ինքը հպարտ է իր ազգությամբ: Նա վստահ է, պատերազմ սկսողները հաջողության չեն հասնի:

Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» դաշինքի պատգամավոր Էնրիկե Սանտիագոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ընդգծել է աջակցությունը հայերին: Նա կիսվել է բողոքի ակցիայի ժամանակ արված լուսանկարներով: