«Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում տեղի ունեցած բախումների կապակցությամբ». հայտարարություն

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած բախումների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից կա 7 զոհ և մի քանի վիրավոր:

Ֆրանսիան հիշեցնում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և Կողմերին կոչ է անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։

Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղությունը պահպանելու համար։

Ֆրանսիան լիովին սատարում է և իր աջակցությունը բերում սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործողություններին, ինչը կենտրոնական դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու գործում։ Ֆրանսիան կշարունակի գործել Եվրոպական Միության կողքին՝ ի նպաստ հրադադարի հարգման, երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման»: