Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը հայտնաբերելուն ուղղված միջոցառումները։ Այս ուղղությամբ ոստիկանության բոլոր բաժիններն իրականացնում են ակտիվ բացատրական աշխատանք։
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Աղավնաձոր գյուղի մի բնակիչ իրավապահներին է հանձնել «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի ակոսափող հրացան։
Ըստ տղամարդու՝ զենքը հայտնաբերել է տանը կից խորդանոցից։ Այն իր հետ բերել էր Արցախյան ազատամարտի տարիներին՝ ռազմաճակատից։
Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 54-ամյա մի տղամարդ ներկայացրել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 40 փամփուշտ և 2 դատարկ պահունակ։
Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։
Սեպտեմբերի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ փամփուշտ և զենք է թողել Այնթապ գյուղի կամրջի տակ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի ինքնաշեն հրացան, ծխային նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Սեպտեմբերի 16-ին մի քաղաքացի զանգել էր ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել և ինքը Արցախյան պատերազմի մասնակից է:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային համարները մեխանիկական եղանակով ջնջված «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան և փամփուշտներ:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին ոստիկանություն է ներկայացել Աստղաձոր գյուղի մի բնակիչ և հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, 7,62 մմ տրամաչափի 103 փամփուշտ։ Նա հայտնել է, որ նշված զինամթերքը գտել է տանը կից կաթսայատունը քանդելիս. այն պատկանել է հանգուցյալ հորը։
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին ոստիկանություն ներկայացած տղամարդը հանձնել է տարբեր տրամաչափի 113 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, պայթուցիչի ճայթիչներ: Հայտնել է, որ զինամթերքը գտել է առանձնատան կտուրի նորոգման և մաքրման աշխատանքներ կատարելիս. այն պատկանել է հանգուցյալ հորը։
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 17-ին մի տղամարդ հանձնել է 5,45 մմ տրամաչափի 93 փամփուշտ, գնդացրի փամփուշտ և «ՌԳԴ-5» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Նա հայտնել է, որ ռազմամթերքը գտել է խորդանոցից. այն պատկանել է հանգուցյալ պապին։
Բոլոր դեպքերով նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական հետապնդումից, եթե նրանց գործողություններում հանցակազմ չկա։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։