«Խոսքի ազատությունը սահմանափակելու կոչերի փոխարեն՝ բժիշկները թող չխորշեն հակափաստարկներ ներկայացնելուց»․ Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կարծում է, որ հակապատվաստումային քարոզը չխթանելու համար պետք է վերահսկողությունն է՛լ ավելի խստացվի, որպեսզի խոսքի ազատությունը մարդկային կյանքեր չարժենա, ինչն այս դեպքում է։ Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում։

– Արմեն Մուրադյանի բերած փաստարկումները քովիդի դեմ պայքարելու և պատվաստվելու համար ամենահամոզիչներից մեկն է, եթե չասեմ՝ ամենահամոզիչը։ Այս առումով նրա խոսքի հետ պետք է հաշվի նստել, ինձ էլ նրա կողմից մատնանշված փաստերը համոզել են, և ինքս էլ պատվաստման կողմնակից եմ ու հորդորում եմ, որ մարդիկ պատվաստվեն։

Մուրադյանի նշած խոսքի ազատության սահմանափակման հետ, սակայն, համաձայն չեմ ու համարում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի ամեն մարդ բազմակողմանի տեղեկություն ստանա։

– Իսկ ի՞նչ այլընտրանք եք առաջարկում, որպեսզի հակապատվաստումային քարոզը իր հետևանքները չունենա։

– Կարծում եմ, բժշկական հանրությունը պետք է լայն ու բազմակողմանի քննարկումներ անցկացնի, որոնք պետք է հասանելի լինեն մեր հասարակությանը։ Հեռարձակող լրատվամիջոցները պետք է հիմնականում հրավիրեն այն բժիշկներին, որոնք կողմ կամ դեմ են արտահայտվում պատվաստումներին ու այդ քննարկման ընթացքում փորձեն ապացուցել՝ նախ մեկը մյուսին, ապա բանավեճի ընթացքում գան ընդհանուր հայտարարի։

Վերջերս մի հաղորդում տեսա, որին միայն բժիշկներն էին մասնակցում, ու պատվաստմանը դեմ արտահայտվողներն ուղիղ եթերում չէին պնդում իրենց տեսակետը։ Այդ բանավեճի ընթացքում ավելի ցայտուն երևաց, որ հակապատվաստումային քարոզն ունի քաղաքական բնույթ, ու նրանց խոսքի շեշտադրումն արդեն փոխվեց, թե առողջապահության նախարարությունն է վատ կազմակերպում պատվաստման քարոզարշավը, և պայքարը կազմակերպչական առումով է վատ ընթանում: Այդ բժիշկներից որևէ մեկը չասաց, որ պատվաստումները վատ են, ու չպետք է պատվաստվել և այլն։

Պարոն Մուրադյանը, լինելով բժշկական համալսարանի ռեկտոր, կարող է այդպիսի քննարկումներ անցկացնել ու իր փաստարկներով ցույց տալ, թե ինչու է անհիմն այն բժիշկների քարոզարշավը, որոնք դեմ են պատվաստմանը, փաստերով հերքել այդ խմբի խոսքերը։ Ավելի լավ է բժշկական հանրությունը զբաղվի իրենց դիրքորոշումը ճշտելով՝ արդյունքում ընդհանուր հայտարարի գալ ու այն ներկայացնել հանրությանը։

Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, կներեք, Արմեն Մուրադյանը մասնագետ չէ, հղումը պատերազմական դրությանը և այլն՝ անտեղի էր, ինչպես ասում է անգլիական հայտնի ասացվածքը, ցանկացած համեմատություն կաղում է։ Այս պարագայում ևս ինֆորմացիան պետք է դիտարկել իր ճշգրտության հիման վրա, ու, մեծ հաշվով, եթե հեղինակավոր բժիշկները համոզում և քարոզում են, որ բնակչությունը պատվաստվի, պետք է նաև ցույց տան այդ ապատեղեկատվության էությունը, ու այստեղ արդեն, իհարկե, օրենքը կարող է գործել, որովհետև ցանկացած պարագայում, եթե հանրային նշանակության խնդիրների վերաբերյալ միտումնավոր տարածվում է ապատեղեկատվություն կամ ֆեյք լուրեր, ապա այս պարագայում պետք է գործել ըստ օրենքի։

– Պարո՛ն Մելիքյան, փաստորեն, գտնում եք, որ այս պարագայում ճիշտը բանիմաց մասնագետների մասնակցությամբ բանավեճեր կազմակերպելն ու այդ միջոցով հակառակ կողմի փաստերը հերքե՞լն է, քան խոսքի ազատության սահմանափակո՞ւմը։

– Այո՛, բժիշկների այն խումբը, իսկ նրանք մեծամասնություն են, որոնք համոզված են ու ունեն փաստարկներ, որ անհրաժեշտ է պատվաստվել, նրանց կողմից քարոզչությունն ու ապատեղեկատվության հերքումը պետք է ավելի ակտիվ բնույթ կրեն, և իրենք չխորշեն բանավեճի մեջ մտնելուց այն փոքրաթիվ բժիշկների հետ, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են պատվաստման գործընթացը։ Նրանց առաքելությունը, մեծ հաշվով, դա է, ոչ թե խոսքի ազատությունը սահմանափակելու կոչերը։

– Կարծում եք, որ այս պարագայում խոսքի ազատությունը, ինչպես Արմեն Մուրադյանը նշեց, մարդկային կյանքերի խլման պատճառ չէ՞։

– Այո՛, չպետք է մեղքը բարդել խոսքի ազատության վրա, այլ պետք է շատ ավելի ակտիվ գործի ամբողջ առողջապահական համակարգը։ Բժիշկները պետք է իրենց մեջ ակտիվ քննարկումներ անցկացնեն, ու դրանց արդյունքները ներկայացվեն լայն հանրությանը։ Եթե հեղինակավոր բժիշկները տեսնում են, որ իրենց գործընկերները տարածում են ապատեղեկատվություն, ապա պարտավոր են դրան հակադրել շատ ավելի լուրջ փաստեր։ Այսօր ավելի շատ սրա բացն ենք զգում, քան խոսքի ազատության սահմանափակման անհրաժեշտությունը։

Մեծ հաշվով, որևէ զարգացած կամ ոչ այնքան զարգացած երկիր, այնուամենայնիվ, չի փորձել սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը՝ այս կարևոր խնդրի լուսաբանման համար։ Երբ 2020 թվականի մարտի 16-ին Կառավարության ընդունած որոշման չորս կետ վերաբերում էր հենց լրատվամիջոցների գործունեությանը՝ համավարակի պայմաններում, դրանք և՛ միջազգային հանրության, և՛ հայաստանյան լրագրողական հանրության կողմից քննադատորեն ընդունվեցին՝ հիմք ընդունելով, որ որևէ ուրիշ երկրում չկար նման սահմանափակում։

Հնարավոր չէ ապատեղեկատվությունը, կեղծ լուրը նույնականացնել խոսքի ազատության հետ, եթե գոյություն ունի ապատեղեկատվություն՝ մասնագետները թող հերքեն ու հաստատեն հակառակը, եթե կան կեղծ լուրեր՝ թող օգնեն լրատվամիջոցներին դրանց դեմն առնելու։

Այս առումով բժիշկները շատ մեծ անելիք ունեն ու լավ կլինի զբաղվեն իրենց գործով, քան խոսեն խոսքի ազատության սահմանափակման անհրաժեշտության կամ ոչ անհրաժեշտության մասին: Իհարկե, չպետք է սահմանափակել խոսքի ազատությունը, լրատվամիջոցները պետք է շարունակեն գործել այնպես, ինչպես գործել են, բայց շատ ուշադիր ու հստակ տեղեկատվություն ու քարոզչություն տարածեն՝ «խեղդելով» այն տեղեկատվությունը, որը չի համապատասխանում իրականությանը կամ ուղղակի կեղծ է ու հետապնդում է ինչ-ինչ քաղաքական նպատակ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am