Այսօր տեսնելով կառավարության ձախողումները՝ լիարժեք կարող եմ ասել՝ ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի․ Գագիկ Ծառուկյան․ Տեսանյութ

Կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն՝ իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան, այսօր հրավիրված ԲՀԿ քաղխորհրդի հրատապ նիստում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Մենք նույնպես աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել և, իհարկե, հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։ Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։ Հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, պատասխանատուներ, կառավարիչներ, որ իրական կյանքով քարը քարին չեն դրել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս, և դա հասկանալի էր, որ դա իրականություն չէր դառնա։ Ինչ խոսում եմ փաստացի, դոկումենտալ եղել է մեկ տարի առաջ»,- ասել է Ծառուկյանը։

Նաև ընդգծել է․ «Ես այն ժամանակ ասել եմ, որ անհնար է այդ սպասումներն իրականացնել, և որ պետք է 97 տոկոսին փոխել։ Այսօր տեսնելով այս ձախողումները՝ լիարժեք կարող եմ ասել՝ ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են»,- ասել է ԲՀԿ ղեկավարը։