«Մեդիալաբի» զրուցակիցն է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը:
– Պարո՛ն Ադամյան, թավշյա հեղափոխությունից հետո այս փուլում Հայաստանում ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում:
– Հիմա դիրքորոշումների ճշգրտում է կատարվում, տեղի են ունենում ազատ լյուստրացիոն գործընթացներ՝ դիրքորոշումներ բախում և այլն:
– Կարո՞ղ ենք ասել, որ ամեն օր հանրության համար նոր բացահայտումներ են լինում՝ կապված նախկին իշխանությունների գործելաոճի հետ:
– Ես կխուսափեի ասել՝ նոր բացահայտումներ: Լինում են հին բացահայտումներ: Եթե ինձ հարցնում եք՝ հասարակությունն ի՞նչ տրամադրությունների մեջ էր նախկինում և ի՞նչ տրամադրություններ ունի այսօր, ապա ես կարծում եմ, որ մենք բոլորս գիտեինք, թե մեր հանրապետությունում ովքեր էին գող ու ավազակները, ովքեր էին արդարները: Պարզապես այսօր լրացուցիչ իմանում ենք բաներ, որոնք մեզ իսկապես զարմացնում են, այսինքն՝ բացահայտումների ծավալներն ապշեցնող են:
– Այս փուլում հակահեղափոխությունն է թիվ մեկ քննարկման թեման: Մենք տեսնում ենք, որ որոշ ուժեր արդեն այդ ուղղությամբ քայլեր են անում: Ի՞նչ է կատարվում այս տեսանկյունից:
– Ճիշտն ասած, հակահեղափոխություն ասվածը սպասելի էր ինձ համար: Եվ քանի որ սպասելի էր, ապա համարում եմ ոչ շատ վտանգավոր: Ասածս այն է, որ երբ որ դու բռնում ես երկիրն այս վիճակին հասցնողին, նա ինչ-որ կերպ պետք է պաշտպանվի: Կեցցե Նյուտոնը, ամեն ուժ հանդիպում է հակաուժի:
Հետևաբար, այսօր տեղի է ունենում այս գործընթացը: Իսկ այն, ինչ տագնապների հետ է կապված կամ հասարակության առողջ լինելու հետ, ապա խորհուրդ կտամ կարդալ առաջին հարցի պատասխանը՝ ընդամենը դիրքորոշումների ճշգրտում է: Վախեցածն ավելի շատ է վախենում, իմացողն ավելի շատ է իմանում, ամուրն ավելի է ամրանում, թույլն ավելի է թուլանում:
Իսկ ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ տեղի են ունենում շատ նորմալ գործընթացներ, որովհետև մենք հիմա ընտրում ենք մեր տեսլականը, մեր պետության վարչական համակարգի տեսլականը: Դա դժվար ճանապարհ է, բայց ես կարծում եմ, որ մենք կհաջողենք:
– Այդուհանդերձ, հակահեղափոխական ուժերը կարո՞ղ են հաջողություն արձանագրել հանրությանն իրենց շուրջը մոբիլիզացնելու տեսանկյունից:
– Ես կարծում եմ՝ ո՛չ, որովհետև գնացքը գնացել է: Համակարգը որպես այդպիսին շատ թույլ էր, այն պահողը գումարն էր և մինչև այսօր մնում է գումարը: Իսկ դա, այնուամենայնիվ, հասարակական ներքին բովանդակության հետ բացարձակ կապ չունի: Կապ ունի ընդամենը փորի գումարի հետ, իսկ դա շատ թույլ միջոց է, դա կարող է ունենալ որոշակի հաջողություններ, իսկ ընդհանուր առմամբ՝ ոչ մի դեպքում:
– Հեղափոխությունից հետո մարդկանց մեջ փոխվե՞լ է այն մտածելակերպը, որ փողով ընտրության չպետք է գնալ: Մենք տեսանք, որ մինչև նախորդ տարի փողը մեծ դեր էր խաղում ընտրական գործընթացների ժամանակ:
– Ես կարծում եմ, որ ընտրությունների նկատմամբ այսօր մեր հասարակությունը բավական ոտաբոբիկ է: Ինչո՞ւ, որովհետև երկար տարիներ, չունենալով ազատ ընտրելու հնարավորություն, հասարակությունն իր մեջ լեգենդներ էր հորինել՝ կապված տեսախցիկով գրիչների, չգիտես ինչ զահրումարների հետ:
Սա չիրազեկված լինելու վտանգն է: Ամենահրաշալի բանը սեփական ուղեղը բանեցնելն է, և եթե խորքային հարց ես տալիս ինքդ քեզ և վախենում ես ինչ-որ ծուղակներից, որոնք քո առաջ դրված են, ուրեմն թույլը դու ես: Եվ այսօր այդ քայլը հաղթահարելը ամեն մեկին հասու չէ, որովհետև այնուամենայնիվ «մտածել» ասվածից շատերը դեռևս զուրկ են, նոր են սովորում մտածել, քայլ առաջ անել:
Հետաբար, ես մտածում եմ, որ այս ընտրությունները շատ մեծ փոփոխություններ կարող են մտցնել մարդկանց գիտակցության մեջ: Թիվ մեկ խնդիրը ես համարում եմ սեփական անձի արժանապատիվ հատիկը և ծիլը զորացնելը, ջրելն ու մեծացնելը:
– Հակահեղափոխականների մոտ նման հույսեր կան, որ մինչև գարուն՝ նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հասարակությունը կարող է հիասթափվել Նիկոլ Փաշինյանից: Դուք նման սցենար կանխատեսո՞ւմ եք:
– Ես վստահ եմ, որ հակահեղափոխական ուժերը հենց դրա վրա են հույս դնում: Բայց հակահեղափոխական ուժերը միայն ու միայն իմ ծիծաղն են հարուցում, որովհետև անգրագետ, փնթի, իրականությունը խեղաթյուրող են: Բոլորը հավաքվել են մի տեղ և գումարային վարձահատույց լինելու դիմաց ինչ ասես մոգոնում ու թափում են այս ժողովրդի գլխին, որի համար եկել է նոր ժամանակի գիտակցման պահը: Այդ ուժերը դժվար թե հաջողեն, որովհետև թույլ են, այդպիսի միջոցներով են պայքարում:
Գոնե գային, կոպիտ ասած, խելացի մարդկանց վարձեին, որ իրենց ճիշտ խորհուրդներ տային: Շատ ծիծաղելի է այս ամենը, այնքան մանկամիտ, այնքան ուղիղ, այնքան ադեԿՎԱԼՏ… Պարզվեց, որ նրանք չափազանց պրիմիտիվ են: Չի կարելի, սեփական ժողովրդին տգետի տեղ դնելը շատ վատ բան է:
– Այսինքն՝ դուք բացառո՞ւմ եք, որ մարդիկ կհիասթափվեն Փաշինյանից:
– Իհարկե, բացառում եմ, որ մարդիկ կհիասթափվեն Փաշինյանից:
– Մենք այսօր արդեն որոշ շերտի կողմից քննադատություն տեսնում ենք, օբյեկտի՞վ է դա:
– Ոչ իհարկե, որովհետև օբյեկտիվ քննադատությունը սրտացավ է լինում է:
– Գուցե մարդիկ արագ բարեփոխումներ են ուզում:
– Արագ բարեփոխում կարելի է ուզել միայն հեքիաթներում:
– Այսինքն՝ պետք է համբերե՞լ:
– Հարցը համբերությունը չէ, համբերության տակ նաև կարելի է դնել «էշ մի սատկիր, գարուն կգա» արտահայտությունը: Հետևաբար, ոչ թե համբերության մասին է խոսքը, այլ գիտակցված գործողությունների ակնկալիքն ու անհրաժեշտությունը՝ ի նպաստ այն երկրի, որը քո մեջ կրում ես: Նախ ինքդ քեզ պետք է հարցնես՝ դու ինչպիսի՞ Հայաստան ես ուզում և ազնվորեն պատասխանես այդ հարցին: Իմ կարծիքով՝ ամեն մեկն այդ ուժը չունի:
– Կարո՞ղ ենք ասել, որ հեղափոխությունից հետո ամեն ինչ իր հունով է գնում:
– Ամեն ինչ գնում է դեպի… Ճանապարհին կարող են լինել որոշակի անհարթություններ, որոնք ենթադրելի են: Այստեղ մի խնդիր կա՝ իսկ դեպի ո՞ւր: Եթե թիրախը ճշգրիտ է, ուրեմն վստահորեն պետք է գնալ ու հասնել թիրախին՝ չշեղվելով աջ ու ձախ: Կարևորը՝ թիրախը պետք է ճշգրիտ լինի:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am