Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ապրիլի 6-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:

«Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց իր գործունեության շրջանում հայ-էստոնական հարաբերություններում արձանագրված առաջընթացը, իրականացված մշակութային միջոցառումները՝ բարձր գնահատելով այս ընթացքում հայկական համայնքի հետ հաստատված արդյունավետ և ամուր համագործակցությունը։

Դեսպանը նշեց, որ հայ համայնքն իր կազմակերպվածությամբ, համախմբվածությամբ և ներուժով մշտապես կանգնած է եղել ՀՀ դեսպանության կողքին, ինչը եղել է հաջողություն գրանցելու կարևոր գրավականներից մեկը։

Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին դեսպան Մկրտչյանին կատարված աշխատանքի, Հայաստանը և հայ մշակույթն Էստոնիայում ներկայացնելու և հայ ու էստոնացի ժողովուրդների բարեկամությունը խնթանելու համար և հաջողություն մաղթեցին նրան իր հետագա գործունեության մեջ։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նաև ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Էստոնիայի Հայկական Ազգային Միության աջակցությամբ տպագրության հանձնված Հովհաննես Թումանյանի հեքիաթների էստոներեն ժողովածուն։

Դեսպանը նշեց, որ Նաիրա Մուրադյանի նկարազարդումներով և Սոֆիա Պետրոսյանի թարգմանությամբ գրքի լույսընծայմամբ ամբողջանում է Հ․ Թումանյանի հեքիաթները բալթյան երկրների երեք լեզուներով՝ լիտվերենով, լատվերենով և էստոներենով թարգմանելու նախաձեռնությունը: Գիրքը լույս է տեսնում դեսպան Մկրտչյանի և Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի` հատուկ էստոնական հրատարակության համար ներառված նախաբաններով»,- ասված է հաղորդագրության մեջ։