Ամբողջ գիշեր կրակել են․ Երասխի բնակիչները մանրամասներ են պատմում. Factor.am. տեսանյութ

Երևանից մոտ 70 կմ հեռավորությամբ գտնվող Երասխ համայնքն ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու Նախիջևանի հետ սահմանից, գրում է Factor.am-ը։

Վերջին 6 օրերի ընթացքում Երասխի բնակիչներին պարբերաբար անհանգստացնում են հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցներն ու պատասխան կրակահերթերի ձայները։

Թեև այս պահին գյուղում հանգիստ է, սակայն նախորդ գիշերն ամենալարվածն էր։ Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն անգամ ականանետներ է կիրառել: Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։ Նա այդ պահին կազմակերպելիս է եղել ադրբեջանցիների գործողությունների հետևանքով տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

Factor.am-ի հետ զրույցում «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը տեղեկացրեց որ Ռադիկ Օղիկյանին վիրահատել են, նրա ինքնազգացողությունը լավ է: Երասխցիներն ասում են․ կրակոցները դիրքերի ուղղությամբ են, գյուղի ուղղությամբ այս ընթացքում կրակոցներ չեն հնչել։ Իրենց էլ ավելի շատ մտահոգում է այն , որ երեխաներն անհոգ լինեն ու գյուղատնտեսական աշխատանքները չտուժեն։