Սյունիքի դեպքերը հրապարակային էին և բացառվում է, որ մենք քաղաքական որոշումներ կայացնենք. Գլխավոր դատախազ

Սյունիքի դեպքերը հրապարակային էին և բացառվում է, որ մենք քաղաքական որոշումներ կայացնենք: Այդ մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե շատ հաճախ դատախազությունը գործեր է հարուցում, կալանքի միջնորդություններ է ներկայացնում, ասենք, Սյունիքի դեպքերի հետ կապված, սակայն դատարաններն ազատ են արձակում այդ անձանց, արդյոք դատախազությունը քաղաքական որոշումներ է կայացնում:

«Տվյալ դեպքում կատարված դեպքերը եղել են հրապարակային, և ցանկացած քաղաքացի կարող է դնել, նայել ու հասկանալ՝ դրա վերաբերյալ քրեական վարույթը, քրեական հետապնդումը արդարացված է, թե ոչ: Այո, Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ մենք համաձայն չենք եղել եւ հիմա դրանք վիճարկում ենք վերադաս դատարաններում», -հավելեց Դավթյանը: