Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով․ ԿԳՄՍ նախարար

Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-ից 19 տարեկան երիտասարդների 20,6 տոկոսը չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան երիտասարդների մասով։ Այս տարիքային խումբը ներառյալ՝ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68,8 տոկոս՝ ավելի քան 140 հազար մարդ։ Սա անթույլատրելի է, քանի որ  յուրաքանչյուր մարդ արժեք է, ու մարդկային կապիտալի զարգացումն այլընտրանք չունի թե՛ հանրային, թե՛ տնտեսական զարգացման տեսանկյունից»,- ընդգծեց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ որակավորում չունեցող աշխատուժն առավել խոցելի աշխատուժն է։

«Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպես է մեծանում ռիսկը հետագայում այդ մարդկանց և նրանց ընտանիքների աղքատության, առողջական խնդիրների և բազմաթիվ այլ հարցերի առումով։

Ավելին, այս մարդկանցից շատերն արդեն իսկ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ են, որոնց համար նաև հենց այդ պատճառով մասնագիտական կրթություն ստանալը դառնում է լուրջ և հաճախ անհասանելի խնդիր»,- ասաց Անդրեասյանը։