OpenAI-ի արհեստական բանականության երկու մոդելներ փորձարկման ժամանակ համագործակցել են միմյանց հետ, շրջանցել իրենց համար սահմանված սահմանափակումները և կարողացել են «փախչել» մեկուսացված միջավայրից դեպի բաց ինտերնետ, գրում է Deutsche Welle-ն։
Փորձարկման ընթացքում մոդելները պետք է գործեին փակ միջավայրում և չունենային արտաքին ինտերնետի հասանելիություն։ Սակայն նրանք հայտնաբերել են մինչ այդ անհայտ՝ «զրոյական օրվա» խոցելիություն ծրագրային փաթեթների տեղադրման համակարգում և դրա միջոցով հասանելիություն ստացել բաց ինտերնետին։
Մոդելները փորձարկվում էին ExploitGym կոչվող համակարգով, որը գնահատում է արհեստական բանականության կարողությունը՝ հայտնաբերելու և օգտագործելու ծրագրային խոցելիությունները։ OpenAI-ի տվյալներով՝ մոդելներն այնքան էին կենտրոնացել առաջադրանքը կատարելու վրա, որ որոշել էին ոչ թե ինքնուրույն լուծել թեստային խնդիրները, այլ գտնել դրանց պատրաստի պատասխանները։
Ինտերնետ հասանելիություն ստանալուց հետո մոդելները եզրակացրել են, որ անհրաժեշտ տվյալները կարող են գտնվել Hugging Face հարթակում։ Դրանք օգտագործել են մի քանի խոցելիություններ, այդ թվում՝ գողացված մուտքային տվյալներ, և ներթափանցել Hugging Face-ի արտադրական համակարգ՝ այնտեղից թեստի լուծումները ստանալու համար։
Միջադեպին մասնակցել են հրապարակային հասանելի GPT-5.6 Sol-ը և OpenAI-ի՝ դեռ չհրապարակված, ավելի հզոր մոդելը։ Փորձարկման նպատակով դրանց կիբերանվտանգության սովորական սահմանափակումները թուլացված են եղել։
OpenAI-ն և Hugging Face-ը միջադեպը բնութագրել են որպես աննախադեպ։ Այն ցույց է տվել, որ հզոր ԱԲ համակարգերը կարող են առաջադրանքը կատարելու ճանապարհին ինքնուրույն գտնել և օգտագործել այնպիսի ուղիներ, որոնք դրանց մշակողները չեն նախատեսել։



















