«Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները երթով շարժվում են դեպի Կառավարության շենք

«Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները երթով շարժվում են դեպի Կառավարության շենք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երթին զուգահեռ մի խումբ ակտիվիստներ շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը:

Ընդդիմադիր շարժման աջակիցները գիշերել են Ազգային ժողովի շենքի հարևանությամբ: Մարտի 9-ի երեկոյան շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ էր արել ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում: Նպատակն այն է, որ թույլ չտան պատգամավորներին մուտք գործել Ազգային ժողովի շենք՝ ավելացնելով, թե «նրանք անելիք չունեն այնտեղ»:

Շարժման աջակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք մարտի 9-ին ԱԺ մուտքերն արգելափակելու որոշում կայացրին պայմանավորված նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավական ընթացակարգերի ժամկետները լրանալու հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել էր չստորագրել վարչապետի ներկայացրած հրամանագրի նախագիծը, միաժամանակ նախագահը մարտի 9-ին դեռ հնարավորություն ուներ Սահմանադրական դատարանում վիճարկելու հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը, սակայն Սարգսյանը նաև ՍԴ չդիմեց: Ըստ այդմ, մարտի 10-ի առավոտյան ՀՀ վարչապետը հայտարարեց իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանին ազատելն ուժի մեջ մտնելու մասին: