Առաջարկում եմ ծանոթանալ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հիմնական դրույթներին. Զարուհի Հովհաննիսյան

Մինչ արտակարգ դրության մասին որոշում կկայացվի ՀՀ կառավարության կողմից, առաջարկում եմ ծանոթանալ դրա օրինական հիմքերին՝ ՀՀ սահմանադրությունից բխող, ինչպես նաև՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներին։

Գրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում.

Նախ, ՀՀ սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն․
1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

4. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ

– Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները: Իսկ նույն օրենքի 7-րդ հոդվածում նշված են այն իրվունքների և ազատությունների սահմանափակումները, որոնք կարող են կիրառվել արտակարգ դրության պայմաններում։

Ներառյալ՝ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց` տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները, հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև բնակչության կենսաապահովման և տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում, հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում և այլն։