«Եթե քննիչը չի ուզում անձին կալանավորեն, ներկայացնում է ուղղակի անպետք թուղթ, և դատավորը չի կարող կալանքի որոշում կայացնել». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

Տիկի՛ն Կարապետյանց, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալխասյանին կալանավորելու միջնորդությունը: Ինչպե՞ս եք գնահատում դատավոր Մաթևոսյանի այս որոշումը:

– Քանի որ որևէ մեկս չգիտենք, թե ինչ փաստեր են ներկայացրել քննչական մարմինները, այն բոլոր դեպքերում, երբ ակնհայտ է, որ պետք կալանավորում լինի, բայց չի լինում, ես ամբողջ մեղքը չեմ բարդում դատարանների վրա, որովհետև քննչական վարույթ իրականացնող մարմիններն են, որ հիմնավորումներ են ներկայացնում, և իրենք շատ անգամ դրանք ներկայացնում են քմահաճորեն, և այստեղ մեղքը միայն դատական համակարգի վրա բարդելը, անկեղծ ասած, ճիշտ չէ:

Չեմ կարող ասել, թե կոնկրետ գործով որ կողմն է շահագրգռված եղել, որ տնօրենը չկալանավորվի, իսկ այս հարցի պատասխանն ունեն մի քանի հոգի՝ քննիչը, դատավորը, դատախազը և փաստաբանը:

Այսինքն՝ այդ տարածված ձայնագրությունը բավարար հիմք չէ՞ր, որպեսզի դպրոցի տնօրենը կալանավորվեր:

 – Ձայնագրությունը արդեն իսկ քրեական գործ հարուցելու հիմք է, բայց կալանավորելու համար անհրաժեշտ են այլ հանգամանքներ, մասնավորապես՝ որքանով նա կարող է խուսափել պատասխանատվությունից, որ կխոչընդոտի քննության ընթացքը, վկաների վրա ազդեցություն կունենա:

Բայց պետք է հասկանալ, թե այս դեպքում ինչ հիմքեր է ներկայացրել վարույթն իրականացնող մարմինը, իսկ դա շատ կարևոր է: Հիմա շատ-շատ գործերով, ըստ նպատակահարմարության, քննիչները կարող են ներկայացնել միայն այն փաստերը, որոնք կարող էին կալանավորման հիմք հանդիսանալ, այսինքն՝ ունենալով ձեռքի տակ այլ հիմքեր, որոնք կարող են նաև չկալանավորվելու համար հիմք հանդիսանալ, չեն ներկայացնում, դրա մասին իմանում ենք շատ ուշ, երբ տրամադրվում են քրեական գործի նյութերը, երբ գործն ավարտվել է:

Եվ հակառակը, եթե քննիչը չի ուզում, որ կալանավորեն անձին, շատ գեղեցիկ ներկայացնում է ուղղակի անպետք թուղթ, որի հիման վրա էլ դատավորը, եթե անգամ վստահ է, որ խնդիրներ պետք է առաջանան, չի կարող կալանքի որոշում կայացնել: Այնպես որ, միայն դատավորի հանգամանքը չէ, սա նաև քննիչի գործառույթի հետ ուղիղ կապված գործընթաց է:

– Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ գործ ունենք կամընտրական երևույթների հետ, որովհետև քիչ չեն նաև այն դեպքերը, երբ այդքան էլ բացահայտ ու բավարար հիմքեր չկան, բայց մարդու խափանման միջոց է ընտրվում կալանավորումը:

– Վստահաբար, որովհետև սա այն համակարգն ու մեթոդներն են, որոնք օգտագործվել են նախկինում, տասնամյակներով մշակվել ու կիրառվել են ամենավատ իմաստով, ու քանի որ չի եղել որևէ փոփոխություն, և որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, հետևաբար այդ ամբողջ կազմից որևէ մեկին ոչինչ չի հուշում, որ վարքագիծը պետք է այլ լինի: Իրենք անում են այնպես, ինչպես սովոր են եղել, ինչպես սովորեցրել են աղվան հովսեփյանները և դրանից առաջ ու հետո եկածները:

Համակարգը գործում է հին տրամաբանության մեջ, և դրա համար էինք մենք ասում, որ բովանդակային փոփոխություններ են պետք՝ վեթինգ, լյուստրացիա: Համակարգը շարունակելու է աշխատել նույն կերպ՝ ավելին նոր եկած կադրերին էլ, որոնք կփորձեն դիմադրել, կա՛մ դուրս է շպրտելու իր շարքերից , կա՛մ կխժռի ու կդարձնի իրենց նման:

Փաստորեն սպասելի՞ էր նման որոշումը, տիկի՛ն Կարապետյանց:

– Իրականում, ցանկացած որոշում էլ սպասելի է, որովհետև չկա տրամաբանություն: Այս համակարգը պետք է լինի ամենականխատեսելին, պետք է հստակ պատկերացնես, որ ներկայացնում են այս-այս հիմնավորումներն ու ապացույցները, պետք է լինի այսպիսի որոշում, բայց քանի որ համակարգն ինքը գործում է իր թելադրած կանոններով, բոլորս ստիպված ենք համակերպվել այդ հիվանդ համակարգի կողմից թելադրվող գործընթացներին, մինչև չլինեն հստակ փոփոխություններ:

Այս դատական ակտը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում, ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Դժվարանում եմ ասել, որովհետև նույն տրամաբանության մեջ է գործում վերաքննիչ դատարանը: Ցավում եմ, բայց հիմա դատական համակարգը, եթե նախկինում նվիրյալն էր գործող իշխանություններին, հիմա, այստեղ էլ ինչ-որ բաժանում կա յուրային-ոչ յուրայիններ, այստեղ էլ կան իշխանություններին համակերպված դատավորներ և նախկին հանցավոր ռեժիմին ծառայող դատավորներ, այնպես որ, անհասկանալի է ու բացարձակ կանխատեսելի չէ:

Ինչպես իմ գործընկերներից մեկը նշեց, եթե նախկինում շատ վատ էր վիճակը, հիմա բացարձակ քաոս է, ամենավատ տարբերակն է, որը կարելի էր պատկերացնել դատական համակարգի պայմաններում:

Փաստորեն, քանի դատական համակարգում չեն եղել ձեր նշած բովանդակային ու հստակ փոփոխությունները, նման իրավիճակները Հայաստանում շարունակակա՞ն են լինելու:

– Իրականում այդ փոփոխությունները պետք է լինեն ոչ միայն դատական համակարգում, այլ նաև դատախազությունում, քննչական մարմիններում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում, բայց լուրջ վեթինգ պետք է լինի, որ թե համազգեստն ու մեքենաները փոխեն, այլ բովանդակային, քանի դա չի արվել, իրականում որևէ հարց լուծել հնարավոր չի լինի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am