«Տնտեսվարողները լուրջ բողոքներ ունեն Հայաստանի բանկերից, որոշ ներդրողներ ցանկանում են երկրից հեռանալ». Գագիկ Մակարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

– Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, աշխատողների թիվն աճել է 30.7 հազար մարդով կամ 4.7%-ով: Խնդրում եմ գնահատեք այս վիճակագրությունը, արդյոք այդ թիվը ուռճացվա՞ծ չէ:

– Հայաստանում մի քանի հանգամանքներ են ազդել աշխատատեղերի թվի աճի վրա. նախ՝ կորոնավիրուսի ժամանակ շատ աշխատատեղեր փակվեցին, հետո վերաբացվեցին:

Աշխատատեղերի քանակի ավելացման մյուս աղբյուրը՝ որոշակի նոր արտադրություններ են ընդլայնվել, բացվել են արդյունաբերական ձեռնարկություններ տեղական խոշոր ներդրողների, բիզնեսների կողմից: Օրինակ՝ այդպիսի արտադրություններ կան խմիչքի, տեքստիլի ոլորտներում:

Մյուս հանգամանքն այն է, որ Ռուսաստանից եկած քաղաքացիների մեծ մասը անհատ ձեռնարկատեր է գրանցվել, ու աշխատող էլ կունենա:

Կան նաև դոնորական կազմակերպություններ, որոնք աշխատում են արցախցիների հետ, նրանց հմտություններ սովորեցնում: Աշխատատեղերի մեծ քանակը այս հանգամանքով է պայմանավորված:

Բացի այդ, ամռան ընթացքում միջոցառումները շատ են, զբոսաշրջային հոսքը՝ մեծ, ինչի արդյունքում սպասարկման ոլորտի հնարավորություններն ընդլայնվում են, աշխատողների պահանջը՝ մեծանում:

2018 թվականից այս կողմ ստվերից դուրս գալու միտում կա. աշխատատեղը կար, մարդը աշխատում էր, բայց ձևակերպված չէր: Երբ արդեն պաշտոնապես գրանցվում են, ստացվում է՝ աշխատատեղ է ավելացել:

– Արդյոք հնարավո՞ր է աշխատատեղերի աճի մասին այս թվերից եզրակացնել, որ երկրում տնտեսությունը շնչում է, շարժ կա:

– Տեսեք՝ 2022 թվականի հուլիսին Հայաստանում աշխատողների թիվը կազմել է 683152 մարդ, որից 202987-ը՝ պետական հատվածում, 480165-ը՝ ոչ պետական: Մասնավոր սեկտորի վերաբերյալ թիվը վերջին երեք տարում 50-60 հազարով ավելացել է:

Վիճակագրական այս թիվը ցույց է տալիս, որ տնտեսությունը ակտիվանում է, քնած վիճակից արթնանում: Տնտեսական աշխուժացումը բերել է նման իրավիճակ:

– Վիճակագրական տվյալները հուշում են, որ տոկոսային առումով աշխատատեղերի ամենաբարձր աճը գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաների տիրույթում: Ինչո՞ւ, օրինակ՝ մշակող, թեթև արդյունաբերության ոլորտում այդպես էլ այդ առումով առաջընթաց չի գրանցվում:

– Հայաստանում, կարող եմ ասել, որ արդյունաբերության վիճակն այնքան էլ լավ չէ: Արդյունաբերությունում աշխատողների թիվը շատ չէ՝ մինչև 120 հազար մարդ: Վերամշակող արդյունաբերության մասով՝ գյուղմթերքների պահածոյացում, խաղողագործություն, այգեգործություն ևն, կարող եմ ասել, որ այդ ոլորտներում աշխատատեղերը քիչ են ուղեկցվել նաև այն պատճառով, քանի որ համապատասխան կադրեր չկան:

Օրինակ՝ վերջերս ոլորտի ընկերություններից մեկի մասնագետի հետ էի խոսում, տեղեկացա, որ տասնյակից ավելի աշխատատեղեր թափուր են մնում:

Ընկերությունը չի կարող ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնել և իր աշխատողին վերապատրաստելու համար, այս հարցում պետք է պետությունը դեր ունենար, մինչդեռ վերացական մասնագիտություններ ու աշխատանքներ են ներկայացվում կառավարության կողմից: Էկոնոմիկայի նախարարությունը կրթական համակարգի մեջ չի մխրճվում՝ կադրեր պատրաստելու հարցում խնդրին նայում են մատների արանքով:

Կրթության զարգացման ռազմավարություն ընդունվեց, ինչպես նաև՝ միջին մասնագիտական կրթական հաստատությունների զարգացման ծրագիրը, սակայն էլի ոչ լիարժեք հղկումներով: Այո՛, տարբեր ռազմավարություններ են գրվում, ընդունվում, որոնք արդեն իսկ չեն հարմարեցված համայնքների կարիքներին:

Օրինակ՝ արտահանողներն այս օրերին դժգոհում են դրամի արժևորումից, իսկ պետությունն էլ չի ուզում սուբսիդավորել: Մեկ այլ տնտեսական լուրջ խնդիր է բանկերի կամայականությունը, որոնք բարձր տոկոսներով միջնորդավճարներ են սահմանում, հաճախ ուշացնում են գումարի փոխանցումը հաշվին և այլն:

Այս բոլորը բերել է նրան, որ տնտեսվարողները լրջորեն են բողոքում, որոշ ներդրողներ էլ ցանկություն են հայտնել Հայաստանից հեռանալ նման երևույթների պատճառով:

Ուզում եմ ասել՝ պետությունը մի կողմից ճոխ թվեր է ներկայացնում, մյուս կողմից էլ՝ իրականությունն այլ է: Կարգավորման խնդիր կա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am