Դանիան զորքեր է ուղարկել Գրենլանդիա՝ ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին

Atlantic Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղափոխում էր Դանիայի լրացուցիչ զինվորականներին, վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում։ Զինվորականների մի մասը Նուուկից շարունակել է թռիչքը դեպի հյուսիս գտնվող Կանգերլուս բնակավայր։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Դանիայի Արկտիկական հրամանատարության ղեկավար Սյորեն Անդերսենի խոսքով՝ զինվորականները մասնակցելու են Դանիայի կողմից համակարգվող «Արկտիկական դիմացկունություն» անվանումը կրող զորավարժություններին։ Նա հրաժարվել է նշել, թե քանի դանիացի զինվոր է ներկայումս տեղակայված Գրենլանդիայում։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցները հայտնում են, որ Նուուկում առկա է առնվազն 100 դանիացի զինվոր, իսկ Կանգերլուսում՝ ևս շուրջ 100։

Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ Դանիան պատրաստ է ռազմական պատասխան տալ, եթե Միացյալ Նահանգները փորձի ուժով վերահսկողություն հաստատել արկտիկական կղզու նկատմամբ։ Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում կսկսվի պատերազմ, որը աղետալի հետևանքներ կունենա նաև ԱՄՆ-ի համար։

Յարլովը հավելել է, որ Գրենլանդիայի բռնակցումը տնտեսական առումով անիմաստ է, քանի որ Միացյալ Նահանգներն արդեն ունի մուտք դեպի կղզի, իսկ անեքսիան միայն լրացուցիչ ծախսեր կպահանջի։