Փետրվարի համեմատ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9 աստիճանով

եղանակ

Հանրապետությունում մարտին, փետրվարի համեմատ, օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9°C: Այս մասին են վկայում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները:

Մարտ ամսվա կլիմայական բունթագրի համաձայն, մարտին հանրապետությունում շարունակում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը:  Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը:

Փետրվարի համեմատությամբ՝ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9°C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանն առաջին տասնօրյակում կազմում է -3.2°C, երրորդ տասնօրյակում` +0.5°C: Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն»,-ասված է կենտրոնի հաղորդագրությունում:

Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+5⁰C (նորման՝ 5.4 աստիճան), որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -3…-5⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +18…+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23…-25⁰C, առավելագույնը՝ +26…+28⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին  քանակից ավելին  (նորման՝ 40 մմ):

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +5…+6°C: Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ -2…-5°C: Լոռու մարզում՝ 0…+2°C, Տավուշի մարզում՝ +3…+5°C: Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +4…+6°C, լեռնային շրջաններում` -2…-4°C: Սյունիքի հովտային շրջաններում +6…+7°C, նախալեռնային շրջաններում` 0…+2°C: