«Կոմերսանտ». Մեդվեդեվն այնքան է հիասթափվել Կազանի հանդիպումից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը

 
Կազանի հանդիպմանն է անդրադարձել նաեւ ռուսական «Կոմերսանտ» թերթը, ըստ որի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այնքան է հիասթափվել Կազանի հանդիպումից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Պարոնայք Ալիեւի եւ Սարգսյանի հաջորդ հանդիպումը նա մտադիր է կազմակերպել միայն այն պայմանով, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերջապես ստորագրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին փաստաթուղթը»,- գրում է պարբերականը:

 

Ինչ վերաբերում է Կազանում բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարության տեքստին, թերթի աղբյուրի խոսքով, այդ ձեւակերպումը, նշանակում է, որ կողմերը պարզապես «հերթական անգամ արձանագրեցին մնացած վիճելի հարցերը»: «Թեեւ Երեւանն ու Բաքուն ասում են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները, նրանց երկխոսության ճակատագիրը կազանյան գագաթաժողովի ձախողումից հետո մնում է հարցականի տակ»,- գրում է պարբերականը:

«Կոմերսանտի» աղբյուրի խոսքով, դիվանագետների մեջ, Կազանում տարաձայնություններ են հայտնվել: «Այնտեղ կան ինչպես տեխնիկական բնույթի, այնպես էլ շոշափելի հարցեր, ինչպես Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: Բայց խնդիրն անգամ տարաձայնությունները չեն, այլ այն, որ կողմերը մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումները, իսկ այդպես չի կարելի»:

«Եթե առաջիկայում Ադրբեջանն ու Հայաստանը կուտակված խնդիրները լուծելու պատրաստակամություն չհայտնեն, մենք կհամարենք, որ միջնորդական առաքելությունն ավարտված է ՛ավելին, Մեդվեդեւը հակամարտության կողմերին փաստացի վերջնագիր է ներկայացրել»,- գրում է պարբերականը:

© Medialab.am