«Այս պահի դրությամբ պարզ չէ՝ զինադադարը կաշխատի՞, թե՞ ոչ». Քաղաքագետ

Այս պահի դրությամբ պարզ չէ՝ Արցախի սահմանին զինադադարը կգործի՞, թե՞ ոչ։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Ես չեմ ուզում այս փուլում հեռուն գնացող հետևություններ անել, բայց այս պահի դրությամբ պարզ չէ՝ զինադադարը կաշխատի՞, թե՞ ոչ։

Կա հայտարարություն հումանիտար զինադադարի մասին, բայց նաև դատելով հաղորդագրություններից՝ մենք տեսնում ենք, որ նույնիսկ եթե հրամաններն արձակված են, ապա փաստ չէ, որ այդ զինադադարը հաստատվում է։ Այս պահի դրությամբ դա է, թե հետո ի՞նչ կլինի՝ չգիտեմ»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայում կայացած 11-ժամյա բանակցությունների արդյունքում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որում նշվում էր.

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևի պայմանավորվածությունների՝ կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020 թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Սակայն այսօր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ հակառակորդը չի պահպանում հրադադարի մասին պայմանավորվածությունը։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ պաշտպանության բանակի ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ 

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ Մոսկվայում ընդունված հայտարարությունը կարևոր է նրանով, որ հնարավորություն է տալու մարտադաշտն ազատել զոհերի դիերից ու հուղարկավորել նրանց։ «Իսկ որքանով դա հիմա կստացվի, հաշվի առնելով, որ մարտական գործողությունները շարունակվում են, պարզ չէ»,- ասում է Մեհրաբյանը։

Նրա խոսքով՝ կյանքը ցույց կտա՝ այս փաստաթղթի հիման վրա հնարավո՞ր է հետագայում բանակցություններ վարել, թե՞ ոչ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am