«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, օրերս Երևանում քամի էր, համացանցում մարդիկ տեղադրում էին քաղաքի տարբեր հատվածներից տեսանյութեր, քաղաքը կրկին կորել էր փոշու մեջ: Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը դա պայմանավորել է ուժեղ քամիով, որը դիտվել է քաղաքի կենտրոնում: Դուք ինչո՞վ եք պայմանավորում մայրաքաղաքում նման ծավալի փոշու առկայությունը:
– Մենք մշտական ռեժիմով ենք լսում, որ եթե քաղաքն անձրևից հետո հեղեղվում է, ապա մեղավորն անձրևն է, եթե ձյունը 30 սմ է, ուրեմն շատ վատ ձյուն է, դրա համար էլ քաղաքում դպրոցներն ու բուհերը փակվեցին: Հիմա էլ շինհրապարակների փոշին փոխանակ պաշտպանիչ անտառների միջոցով չհասնի քաղաքի կենտրոն, ունեք հսկայական բաց շինարարություն, քաղաքը շրջապատող բաց հանքեր, որտեղից փոշին գալիս է Երևան, բայց ամենակարևորը՝ մենք գտանք մեղավորին, որը տվյալ դեպքում քամին է: Նախարարության ներկայացուցիչները համարում են, որ ամեն ինչ կարգին է, նրանք խնդիր չեն տեսնում, երբ փոշին լցվում է երևանցիների լորձաթաղանթներն ու առաջացնում է առողջական խնդիրներ, ինչի մասին արդեն բոլորը բարձրաձայնում են:
Այն ժամանակ միայն մասնագետներս էինք խոսում փոշու առկայության մասին, իսկ Երևանի քաղաքապետը մեզ ասում էր, թե դա լեգենդ է: Հիմա արդեն քաղաքացիներն են անհանգստացնում իրենց, ու իրենք ստիպված ասում են, որ փոշու պարունակությունը նորմայից քառակի բարձր է: Մասնագետներս անվերջ ասում էինք, որ Երևանի համար գալու են այս օրերը, որովհետև շինարարության այն ծավալներն ու քաղաքի պաշտպանության այն հնարավորությունը ու օդի ավազանի վերականգնման վիճակն արդեն խստորեն չեն համապատասխանում իրար, ու սկսվելու են նման երևույթները:
Մենք տեսանք հեղեղներով պայմանավորված հարցը, տեսանք փոշով պայմանավորված հարցը, ու քանի գնա, ավելի են սրվելու հարցերը: Մենք ոչ մի հիմնարար աշխատանք չենք տանում, որ այդ խնդրին լուծում տանք, այլ ավելի ենք ծանրացնում վիճակը. շինթույլտվությունները 2021-ից հետո 1,3-ով ավելացել են, տեսչական մարմինը բավարար քանակով ոչ մի վերահսկողական գործառույթ չի իրականացնում, ոչ թե գնում, բռնում են 10 տոկոսն ու հեռուստացույցով թմբկահարում, թե բռնել են ինչ-որ մի տնտեսվարողի, այլ վերահսկողության մասով պետք է զանգվածային լինի, պետք է լինի օրենքի խստացում, պետք է տուգանքները բարձրացվեն, շինհրապարակներում պետք է պատշաճ վերահսկողություն լինի և այլն:
Ծառերի հատման, խորը էտի նկատմամբ պետք է մորատորիում հայտարարել, քանի որ հինգ անգամ պակաս կանաչ ֆոնդ ունենք: Ու ասել, թե ծառերը դեր չեն խաղում, նշանակում է բացարձակապես գաղափար չունենալ, որ փողոցների կանաչապատումը օդի մղման ճանապարհն է, սրանք միջանցքներ են:
Կենտրոն վարչական շրջանում հատեցին լայնասաղարթ ծառերն ու հիմա ասում են՝ դա ծառահատում չէ, դա ծառերի փոխարինում էր: Զանգվածային ծառահատման պարագայում նրանք անհամարժեք բույսեր են տեղադրել, ու մենք 30 տարի պետք է սպասենք, որ այդ ծառերը դառնան հատված ծառերի սաղարթի խտության, բարձրության ու լայնության:
– Մայիսի 11-ին արձանագրված փոշու այդ տեսարանը հիմականում հետևանք էր զանգվածային ծառահատման ու շինարարությա՞ն:
– Կլիմայական պայմաններով պայմանավորված՝ մենք միշտ ունենալու ենք նման երևույթներ, բայց դա կարող էր արտահայտված լինել, օրինակ՝ 10 տոկոս, որովհետև մնացած հարցերը լուծված են՝ շինհարապարակը, ծառերի ծածկը, ջրային մակերեսները, բաց հանքերը, որոնք շրջապատում են քաղաքը, կանաչապատված լանջերը և այլն: Փոխանակ բնապահպանական առումով քաղաքի պաշտպանությունը սկսենք լանջերի կանաչապատումից, մենք ծառերը հնձելուց ենք սկսում ամբողջ Կենտրոն վարչական շրջանում:
Պետք է հաշվի առնել, որ Երևանում քամիները լինելու են այս սեզոնից մինչև հոկտեմբեր, իսկ ծառերը նվազեցնում են նաև քամու հոսքը: Քաղաքապետարանը կայծակնային արագությամբ հնձեց ծառերը, բայց չգիտես ինչու չի կարողանում կայծակնային արագությամբ կարգավորել շինհրապարակներում տարվող աշխատանքները:
– Տիկի՛ն Վարդանյան, այդ փոշոտ միջավայրը բնակչության առողջության համար առաջնային ի՞նչ վտանգներ է պարունակում:
– Անմիջական ազդեցություն ունի, ու քաղաքում բնապահպանական տեսանկյունից ինչ գործողություն իրականացնում են, պետք է առաջինը նկատի ունենան բնակիչների առողջությունը, որը սահմանված է նորմերով, սանիտարահիգիենիկ նորմերով այս ամենը կանոնակարգված է: Այլ հարց է, որ մենք դուրս ենք գալիս այդ կանոնակարգումներից ու սկսում ենք ամեն ինչ անել ըստ մեր ճաշակի, և ունենում ենք այն, ինչ հիմա ունենք:
Սրտանոթային, շնչառության, ալերգիկ հիվանդություններ ունեցողների համար անգամներով ավելանալու են խնդիրները և նոպաները՝ բրոնխիալ ասթմա, պոլինոզներ, կաթվածներ, ինֆարկտներ, այս ամենը օդի աղտոտվածության հետ կապված պրոցեսներ են: Ըստ ԱՀԿ-ի՝ տարեկան 7 միլիոն մարդ է մահանում օդի աղտոտվածության հետևանքով, որը համարվում է անտեսանելի քիլլեր:
Գանգատները, որ երևանցիներն ասում են, թե ամեն առավոտ արթնանում են գլխացավով, աչքերի մեջ կարծես ինչ-որ բան լինի, անհասկանալի հազի նոպաներ, փռշտոց, արցունքահոսություն՝ սրանք բոլորը կարճաժամկետ էֆեկտներ են, որոնք պայմանավորված են օդի աղտոտվածությամբ: Մարդիկ նշում են, որ Երևանից դուրս ինքնազգացողությունը լավանում է, հենց մտնում են քաղաք, խնդիրներն սկսվում են:
Չնկատել այս ամենն ու ասել՝ ոչինչ չկա, ես էլ չեմ նշում երկարաժամկետ էֆեկտների մասին՝ քաղցկեղածին էֆեկտը, բնածին արատների էֆեկտը, հղիության ընթացքում խնդիրները, այսինքն՝ այս ամենն ուղղակիորեն ազդում են առողջության վրա:
Իշխանությունը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ քաղաքը ներդրումային դաշտ դարձնի, կա՛մ մտածի մարդկանց առողջության մասին, որ ամեն բան արվի նորմային համապատասխան: Երևանն այսօր դարձել է ներդրումային դաշտ, եթե իշխանությունն ուզում է ունենալ ներդրումային Երևան՝ առանց բնակիչների, ապա դա հաջողությամբ իրականացնում են, ինչպես հաջողությամբ իրականացրին՝ առանց ծառերի Կենտրոն ծրագիրը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















