Արդյո՞ք 68-ամյա տղամարդն իսկապես մտադիր է եղել թունավորել խմելու ջուրը․ ոստիկանության պարզաբանումը. Factor.am

Այսօր տեղեկություն էր տարածվել, թե երեկ մի քաղաքացի փորձել է թունավորել «Աբովյան Վերին Պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարը։

Ոստիկանությունից Factor.am-ին հայտնեցին, որ թունավորման մտադրություն ունենալու վարկածը այս պահին հաստատված չէ։ Արտակարգ միջադեպի մասին ահազանգը հնչել է երեկ։ Ժամը 09։20-ի սահմաններում Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։ Ոստիկանության աշխատակիցը մոտեցել և օրինական պահանջ է ներկայացրել, որ քաղաքացին անհապաղ լքի պահպանվող տարածքը։

Անձը ոչ միայն չի հեռացել տարածքից, այլև ասել է, թե տարածքում է գտնվում, իբր, ջուրը թունավորելու նպատակով։ Չկատարելով ոստիկանի օրինական պահանջը և ֆիզիկական դիմադրություն ցուցաբերելուց հետո 68-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ձերբակալվել է։ Որքանով է հիմնավոր բերման ենթարկված տղամարդու կողմից ասվածը ջուրը թունավորելու վերաբերյալ, և արդյոք նա իսկապես նման մտադրություն ունեցել է՝ կպարզի նախաքննությունը։

Աղբյուր՝ factor.am