ՀԱԿ նամակը ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

ՀԱԿ նամակը ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
ՀԱԿ նամակը ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

Ն.Գ. Թորբյորն Յագլանդին
Գլխավոր քարտուղար
Եվրոպայի Խորհուրդ
Հարգելի պարոն Յագլանդ,

Հայաստանում առաջացած խորը քաղաքական ճգնաժամը, որը հետեւանք է 2008 թվականի նախագահական կեղծված ընտրությունների եւ այդ կեղծիքը բողոքարկող խաղաղ ցույցերի` մարտի 1-ի բռնի ցրման, մինչ այսօր, ավելի քան երկու տարի անց, շարունակում է մնալ չկարգավորված.

  1. 13 քաղբանտարկյալ շարունակում են մնալ բանտերում` բացառապես իրենց օրինական քաղաքական  իրավունքները իրագործելու պատճառով` հակառակ միջազգային հանրության, Եվրոպական Միության հայտարարություններում, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողվի 1677 /2009/, ինչպես նաեւ դրան նախորդած երեք բանաձեւերում տեղ գտած հորդորներին եւ պահանջներին:
  2. Չեն բացահայտվել մարտիմեկյան 10 սպանությունները, ոչ ոք ձերբակալված չէ, ոչ մեկին առաջադրված չէ որեւէ մեղադրանք այդ գործերով, իսկ դատարանները մերժում են զոհերի իրավահաջորդների բոլոր հայցերը:
  3. ԽՍՀՄ տարիներից ի վեր հայ ժողովրդի քաղաքական ակտիվության` հանրահավաքների եւ ցույցերի ավանդական տեղին` Ազատության հրապարակը (հենց այդ պատճառով վերանվանված Ազատության հրապարակ) շարունակում է արգելափակված մնալ քաղաքական միջոցառումների համար, եւ միայն վերջին ամսում ընդդիմության 10 հայտ` այնտեղ հանրահավաք անցկացնելու համար, ապօրինաբար, առանց որեւէ օրինական հիմքի մերժվել է իշխանությունների կողմից:
  4. 2008-2010թթ. ընթացքում բոլոր ընտրությունները.  2008թ. փետրվարի 19-ի նախագահական, 2009թ. մայիսի 31-ի մայրաքաղաք Երեւանի ավագանու, 2010թ. հուվարի 10-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունները, եւ այլ ընտրություններ, որոնցում մասնակցել է միացյալ ընդդիմությունը, ամբողջովին կեղծվել են,  զուգակցվելով համատարած բռնություններով, լրագրողների, ընդդիմության վստահաված անձանց եւ անկախ դիտորդների նկատմամբ ծեծուջարդով, ինչի հետեւանքով ընդդիմությունից գողացվել է հաղթանակը եւ մերժվել է սեփական կառավարություն ձեւավորելու քաղաքացիների իրավունքը, ինչպես արձանագրված է նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ-ի վերջնական եզրակացության եւ ԱՄՆ պետական դեպարտամենտի 2009 թվականի մարդու իրավունքների զեկույցում:
  5. Երկրում չի գործում որեւէ անկախ հեռուստաընկերություն, շարունակում է փակված մնալ Ա1+ հեռուստաընկերությունը:

Եվրոպայի Խորհուրդը եւ նրա Խորհրդարանական Վեհաժողովը ունեն իրենց պատասխանատվության մասնաբաժինը այն իրողության մեջ, որ մինչ այսօր կատարված չեն մեկ տարի եւ ինն ամիս առաջ ընդունված վերջին` 1677 բանաձեւի պահանջները, եւ որ քաղաքական ճգնաժամը շարունակում է պահպանել իր սրությունը:  Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության նկատմամբ Եվրոպայի Խորհուրդը շարունակում է դրսևորել չհիմնավորված հանդուրժողականություն` դրանով նպաստելով ապօրինությունների կրկնմանը:

Հայ Ազգային Կոնգրեսը վերահաստատում է այն պահանջները, որոնք շարադրված են ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովին մարտի 16-ին ներկայացված քաղաքական ճգնաժամի հաղթահարման այլընտրանքային ժամանակացույցում, ներառյալ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը և  նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Նկատի առնելով Եվրոպայի Խորհրդի ստանձնած պատասխանատվությունը Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հաստատման եւ պաշտպանության գործում, նաեւ պահանջում  ենք Եվրոպայի Խորհրդից` Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ավելի համարժեք միջոցների կիրառում, ընդհուպ մինչեւ մոնիտորինգի ռեժիմի խստացում:

Հայ ԱզգայինԿոնգրեսի անունից

Լեւոն Տեր-Պետրոսյան

ՀՀ Առաջին նախագահ