Հարդութի շրջանում հայտնաբերված կնոջ մարմինը բարձր հավանականությամբ 80-ամյա Նինա Դավիթյանն է, որին ադրբեջանցիները սպանել են․ Բեգլարյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում գտնված կնոջ մարմինը բարձր հավանականությամբ Նինա Դավիթյանն է: Այդ մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով:
Նինա տատիկը 80 տարեկան էր, որն իր ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր Վարդաշատ գյուղի իր տանը և սպանվել ադրբեջանական զինծառայողների կողմից:

Փորձաքննության նախնական տվյալներով՝ մարմնի կրծքավանդակին և աջ ձեռքին առկա են հրազենային վնասվածքներ, իսկ գլխի որոշ ոսկորներ ջախջախված են, ինչը կարող է լինել կա՛մ հրազենային, կա՛մ կոշտ առարկայի հարվածի հետևանք:
Ըստ Բեգլարյանի, ամուսնու ճակատագրի մասին որևէ տեղեկություն դեռ չկա: