Սահմանի այն կողմից կրակոցներ, այս կողմից` անտարբերություն. Կոթիում կենդանիները սատկում են «անհասկանալի հիվանդությունից»

Սահմանի այն կողմից կրակոցներ, այս կողմից` անտարբերություն. Կոթիում կենդանիները սատկում են «անհասկանալի հիվանդությունից»
Սահմանի այն կողմից կրակոցներ, այս կողմից` անտարբերություն. Կոթիում կենդանիները սատկում են «անհասկանալի հիվանդությունից»

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթիի առանց այն էլ հոգսաշատ և բազում խնդիրներ ունեցող առօրյային վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է ևս մեկը. գյուղացիները ձմռան հոգսերը հոգալու փոխարեն չգիտեն ինչպե´ս կանգնեցնել, ինչպես իրենք են ասում` անհասկանալի հիվանդությունից սկիզբ առած կենդանիների անկման դեպքերը:
Պատերազմի շունչը դեռևս իր վրա կրող կիսաքանդ ու ավերված տներով, ժամանակ առ ժամանակ սահմանի այն կողմից եկող կրակոցներով, ձյունածածկ աթարի դեզերով, խորդուբորդ, ցեխոտ ու խճաքարերով փողոցներով գյուղում ստեղծված իրավիճակը ծայրահեղ դրության մեջ է դրել սահմանապահ գյուղացուն:
«Մեր 8 խոզերից 4-ը սատկեցին,- «Մեդիալաբին» հուսահատ պատմում է կոթեցի 76-ամյա Ամալյա Հակոբյանը: -Չգիտենք` ի´նչ անենք, սենց բան մեկ էլ տարիներ առաջ էր եղել: Ո՞նց ենք ապրելու` պարզ չի»:
Սկիզբ առած անհասկանալի հիվանդությունը կանխարգելել չի կարողանում գյուղի անասնաբույժը: Նա ասում է, որ պատվաստումներն ու ձեռնարկված միջոցները չեն օգնում: Գյուղացիներ նշում են, որ արդեն մոտ հարյուր անասուն են կորցրել այս կարճ ժամանակահատվածում: Սակայն, ի պատասխան «Մեդիալաբի» հարցման, ՀՀ Գյուղնախարարությունից պատասխանեցին, որ Կոթիից նման ահազանգ առ այսօր իրենք չեն ստացել:

Կոթիի առօրյան

Երևանից ավելի քան 180 կմ հեռավորության վրա գտնվող, լեռներով շրջապատված Կոթին գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից 2,5 կմ հեռավորության վրա: Մոտ 2200 բնակիչ ունեցող սահմանամերձ գյուղի բնակիչներն ապրում են հիմնականում անասնաբուծությամբ և թութունագործությամբ:

Բացի անասունների անկման դեպքերից, կոթեցուն գրեթե զրկել են կաթ, մածուն, միս ու պանիր վաճառելու հնարավորությունից, քանի որ գյուղում սկիզբ առած հիվանդության մասին տեղյակ լինելով` շատերը հրաժարվում են գնել և օգտագործել «կասկածելի» կաթնամթերքը:

«Ինչ-որ աղիքային ցուպիկ են պատճառ բռնում: Դրա համար չեն տանում վաճառեն, վախենում են… Անցյալ տարի գոնե կաթ, մածուն վաճառում էինք, մթերող կար: Ճիշտ ա, էժան էր գինը, բայց, գոնե, վաճառվում էր: Դեռ էնքան ծախսեր ունենք անելու: Գյուղի մեծ մասի մոտ էս վիճակն է: Նոր տարին էլ մոտենում ա»,- ասում է Ամալյա Հակոբյանը:

Սահմանամերձ գյուղի բազում խնդիրները, աշխատանքի բացակայությունը և նարահայտ հիվանդությունը շատերին ստիպում են մտածել գյուղը լքելու և Հայաստանի սահմաններից դուրս կյանքի մասին:

Սահմանամերձ

Թեև գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը նախընտրում է շրջանցել արտագաղթի թեման` նշելով, թե արտագաղթը գյուղում «մեծ խնդիր չէ», և որ գյուղացիները հիմնականում «գնում են, աշխատում են ու հետ գալիս», այնուամենայնիվ գյուղի կենտրոնում հավաքված գործազուրկ երիտասարդները բացում են իրենց սրտերը:

«Ա´յ քիրա, մարդիկ արտասահմանում ծանոթ են ման գալի, որ գնան ու մնան: Էստեղ ի՞նչ կա, որ մնացել ենք: Ճար լինի` մենք էլ կգնանք: Գյուղի մեծ մասը գնացել ա: Ախր, ինչքա՞ն պետք ա խանութներից պարտքով ուտելիք վերցնենք: Ո´չ աշխատանք կա, ո´չ էլ եկամտի աղբյուր: Մի երկու խոզ էինք պահում, էն էլ սատկում են»:

Գյուղի խանութը` լի նմանօրինակ խանութներին բնորոշ խառը ապրանքներով, «գոյատևում» է պարտքերի «դավթարով»: Գյուղացիները խանութից պարտքով հիմնականում ամենակարևոր մթերքներն են վերցնում` ձեթ, մակարոնեղեն, բրինձ, իսկ հետո պարտքերը մարում` թոշակ, նպաստ ստանալուն պես:

Ծխախոտագործությունը Կոթիում ապրուստի միջոցներից մեկն է

82-ամյա Թեմրազ Անդրեասյանն ապրում է երկու որդիների` Հայկի և Արտավազդի հետ: Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը մի քանի գլուխ անասունն է և 38 հազար դրամ թոշակը: Նրա միակ մտահոգությունն այն է, որ որդիներն ամուսնացած չեն:

«Ամեն տարի մայիսին գնում եմ սար,- թզբեհը ձեռքին խաղացնելով` պատմում է նա,- կովերին, ոչխարներին, խոզերին տանում ենք սարը, որ անասունը ապահով արածի, թե չէ գյուղում վտանգավոր է անասուններին արոտավայրեր տանել: Անասնապահներին ադրբեջանցիները տարել էին, հասկացա՞ր»:

Նրա կարծիքով` իշխանությունները ժողովրդի մասին չեն մտածում:

«Իշխանություն կա՞, ա´յ բալա (ծիծաղում է): Նրանք իրենց մասին են մտածում, ոչ թե մեր: Ժողովրդի ջանից պլոկում, տանում են ու ուտում, բա՜: Ի՞նչ են տալի ժողովրդին, ոչ մի բան…»,- իր մտահոգություններն է կիսում կոթեցի Թեմրազ Անդրեասյանը:

Չնայած տրամադրություններին` նա նշում է, որ «պարտադիր» մասնակցելու է նախագահական ընտրություններին, ասում է, որ միակ ցանկությունը «ապագա նախագահի մասին մի լավ բան լսելն» է:

«Բայց որ մեր մասին մտածի` լավը կլնի: Կուզենամ` լավն ըլնի, ժողովրդական ըլնի, ժողովրդին պահի: Գործարան բացի, աշխատատեղ ունենանք, որ երիտասարդությունն աշխատի ու ապրի, ոչ թե գյուղից փախչի ու Ռուսաստան գնա, այլ տեղում մնա: Առաջ լավ էինք ապրում, բայց երբ կռիվն ընկավ, գեշացանք,- տխրում է նա,- թե չէ գյուղում ապրելը, էն էլ` սահմանի, շատ դժվար է, խնդիրները` շատ»:

© Medialab.am