«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Վեհարանը կազատեն այնպես, ինչպես 2018-ին ազատեցին Հայաստանը Սերժ Սարգսյանից։ Իրատեսական համարո՞ւմ եք նույն եղանակով Վեհափառին հեռացնելը։
– Սա 2018 թվականը չէ, Եկեղեցին Հանրապետական կուսակցությունը չէ, մեր օրերի Նիկոլ Փաշինյանն էլ այլևս այդ ժամանակների ազնիվ և ուժեղ հեղափոխական գործիչը չէ։ Հնարավոր եմ համարում, որ իշխանությունը իրենց մոլեռանդ համակիրներին և սպառնալիքի տակ՝ պետական կամ համայնքային աշխատողներին կհավաքի Էջմիածնում, Նիկոլ Փաշինյանն էլ էշի վրա նստած կմտնի Մայր Աթոռ, հետո Էջմիածնի փողոցները կփակեն, Վեհարանի դուռը կջարդեն, ծուխ-մուխ կհանեն Սուրբ տաճարի մեջ։ Ամեն ինչ էլ պատրաստ են անելու։
Դրանից հետո կամ ընթացքում Փաշինյանը կարող է իրեն հռչակել Քրիստոսի մի նոր մարգարե և հայտարարել, որ 2026 թվականին ինքը պատրաստ է նորովի իր վրա վերցնելու «աղքատությունն իրենց գլխի մեջ ունեցող, իրենց պետությունը չսիրող և մի կոպեկով միտինգի գնացող հպարտ ժողովրդի» բոլոր մեղքերը և նրանց առաջնորդել դեպի խաղաղության նիրվանա։
– Փաշինյանին կհաջողվի՞ նույնքան մարդ հավաքել, որքան 18-ին, ու նրանց օգնությամբ ազատել Վեհարանը, ինչպես ասում է։
– Իհարկե չի հաջողվի, և արդեն նշեցի, թե ինչու։ Հասկանալի է, որ Փաշինյանը փորձում է ընտրություններից առաջ մարդկանց մեջ վերաիմաստավորել թավշյա հեղափոխությունը, որն իրականում սովորական, պայմանավորված հեղաշրջում էր, ոչ ավելին։
Նպատակ կա ևս մեկ մինիհեղափոխություն անելու՝ ցույց տալու համար, որ այս երկրում իրենց դեմ խաղ չկա (ինչպես հանրապետականներն էին ժամանակին այդպես մտածում և խոսում), և իրենք 2018 թվականի «դուխով» տղերքն են։ Բայց իրենց մտածած էֆեկտը չեն ստանալու, և նույնիսկ կարող է հակառակ էֆեկտ ստանալ, նույնիսկ այն դեպքում, եթե իրենց ուզած սցենարը հաջողի։
– Եթե այս ձևով չկարողանա հասնել Կաթողիկոսի հեռացմանը, ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը, որպեսզի հասնի իր նպատակի իրագործմանը։
– Սկզբում կփորձեն քաղաքացիական միտինգներով ներխուժել Վեհարանի տարածք, և Նիկոլ Փաշինյանը՝ որպես չգնահատված խաղաղարար, կփորձի բանակցել Կաթողիկոսի հետ, որ վերջինս «լավ ձևով» հեռանա։
Կաթողիկոսը և Եկեղեցին կդիմադրեն, որից հետո Նիկոլ Փաշինյանը ահաբեկչության մեղադրանքով կարված գործերով ուժայիններին կրկին կգործուղի Վեհարան՝ Կաթողիկոսին ձերբակալելու, որից հետո Եկեղեցու դիմադրողականությունը վերջնականապես կոտրելու համար կսկսեն հրապարակել վարկաբեկող նյութեր և անձնական տեղեկություններ հոգևորականների վերաբերյալ՝ փորձելով նրանց լրիվ շարքից հանել։
Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի իրեն ենթարկեցնել Եկեղեցին, Հայաստանը մտնելու է ապազգայնացման, վախի ու ամենաթողության մի նոր շրջափուլ։ Նորից եմ կրկնում, որ մարդիկ հասկանան՝ Եկեղեցու դեմ արշավը պայմանավորված չէ բարոյականությամբ կամ վարչապետի՝ ամեն գիշեր աղոթելու փաստով, այլ՝ արտաքին, ներքին և ֆինանսական հաշվարկներով։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















