Իսկ ինչո՞ւ են առանց Նիկոլի հանդիպել. Արմեն Աղայանը՝ հինգ նախկին նախագահների հանդիպման մասին

Լուսանկարը՝ «Առավոտ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայկական ընտրություն» ՀԿ անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Աղայանը

– Պարո՛ն Աղայան, օրերս հայտարարվեց, որ ՀՀ երեք և Արցախի երկու նախկին նախագահները հանդիպել են ու «քննարկել հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»: Պաշտոնական հաղորդագրությունը ավելին չի փոխանցել: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են հանդիպել նախկին բարձրաստիճան պաշտոնյաները:

– Իսկ ինչո՞ւ են առանց Նիկոլի հանդիպել։ Նիկոլն էլ լիներ, կարելի կլիներ ենթադրել, որ հավաքվել են նախապես քննարկելու իրենց միասնական պաշտպանական մարտավարությունը, երբ մի օր կանգնած կլինեն Հայոց իրական ազգային պետության բարձր դատարանի առաջ։ 

Բայց քանի որ առանց Նիկոլի են հավաքվել, կարող ենք եզրակացնել, որ հանցախումբը որոշել է զոհաբերել «ջահել հարիֆին»՝ մեղադրելով դավաճանական բուն ծրագրից շեղվելու համար ու կարծելով, թե այդպես իրենց գլուխները կազատեն ահեղ դատաստանից։ 

– Շատերը կարծում են՝ հավանաբար վտանգ կա, որ հանդիպել են նրանք, ինչպես եղավ պատերազմի օրերին:

– Այդ մարդիկ են տարիներ շարունակ՝ իրենց ԼՂՀ անկախության թատրոնով, անվտանգությունը օտարին հանձնելով, երկրի թալանով, ազգային ինքնիշխանությունը ոչնչացնելով ու հազարումի այլ տականքությամբ կործանել Արցախը ու կործանման եզրին հասցրել մնացած Հայաստանը։ 

Հիմա հավաքվել են, որ մեզ փրկե՞ն։ Շնորհակալ ենք։ Համ էլ՝ էլ ի՞նչ վտանգ։ Ինչ հնարավոր էր կորցնել, արդեն կորցրել ենք կամ շուտով կկորցնենք որպես կատարվածի անխուսափելի հետևանք։ Թե՞ ուզում են ապագայում գլուխ գովել, որ Երևանը մի կերպ փրկեցին։

– Ըստ ձեզ՝ հնարավո՞ր է՝ նախկին նախագահները նախապատրաստում են Ռոբերտ Քոչարյանի մուտքը մեծ ու ակտիվ քաղաքականություն՝ հաշվի առնելով այն, որ նրանցից միայն Քոչարյանն է հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին:

– Բացարձակ հետաքրքիր չէ այդ հարցը։ Երրորդ հանրապետությունը, հենց իր գարշելի վերնախավի մեղքով, վաղուց մեռել է, և եթե դրա դին, հողին հանձնելու փոխարեն, փորձենք վերակենդանացնել, այնպես կհոտի, որ էլ ոչ մի հայ Հայաստանում չի ուզի մնալ։ Նիկոլի վերարտադրությունն էլ, Քոչարյանի կամ մեկ ուրիշի ռևանշն էլ հոտած մեռելին վերակենդանացնելու փորձեր են։ 

Ընտրությունները հետաքրքիր կարող են լինել միայն, եթե դրանք դառնան Երրորդ հանրապետության վերջին ընտրությունները, ու նորընտիր խորհրդարանը ձեռնամուխ լինի պետականության նոր՝ իսկապես ազգային կաղապարի ստեղծմանը։ 

Փնտրեք նման ծրագիր ունեցող ցուցակ, եթե իհարկե լինի։ Իսկ Երրորդ հանրապետության ժամկետանց կերպարները, որքան էլ իրար միս ուտեն, միմյանց մեղադրելով արդարանան, Նիկոլին քավության նոխազ դարձնեն, միևնույն է, անհետաքրքիր են։ 

– Հայաստանում, ճիշտ է, դեռ պաշտոնական նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, բայց վարչապետը կարծես սկսել է քարոզարշավը, մարզային հանդիպումներ է անցկացնում: Երեկ նա Արմավիրում նույնիսկ հայտարարեց, որ հունիսի 20-ին պատրաստվում են խեղդել գայլերին: Դուք ի՞նչ տպավորություններ ունեք:

– Եթե գելխեղդ լիներ, երկու տարում մեկին խեղդած կլիներ։ Անցած 3 տարում տեսանք, թե ոչխարն ինչպես իրեն գելխեղդ երևակայեց ու աշնանը իրական գայլի՝ թուրքի բաժին դառավ։ Ցավոք, Հայաստանում ո՛չ գայլ է մնացել, ո՛չ էլ գայլ խեղդող։ Հիմնականում ոչխարներ են, որոնք առանց իրենց՝ Երևանում չգտնվող չոբանի (նկատի ունի ՌԴ նախագահ Վ. Պուտինին-հեղ.) մի քայլ չեն կարողանում անել։ 

– Արտաքին քաղաքականության մասին, պարո՛ն Աղայան. գործող իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, ճիշտ է՝ ուղիղ չեն ասում, որ Թուրքիայի հետ հարաբերություններին կողմ են, բայց ընդգծում են, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, և պետք է մոտեցումներում շտկումներ կատարվեն: Մասնավորապես, վարչապետն էլ նախօրեին մարզային այցի ժամանակ ասաց, որ «մենք տարածաշրջանի նկատմամբ մեր հայացքը, մեր դիտանկյունը պետք է փոխենք»: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են սկսել հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

– Իսկ իրենց ո՞վ է հարցնում։ Ռուսաստանն ու Թուրքիան են դա որոշել։ Թուրքը պետք է ստանա ամեն ինչ, Հայաստանի շուկան ու ճանապարհները պետք է բաց լինեն նրա առաջ, մենք էլ լինենք խոնարհ սպասարկողի դերում, որին թուրքը իրավունք ունի նվաստացնելու, բայց ոչ սպանելու։ 

Իբր մեզ պաշտպանելն էլ պետք է լինի ռուսների առաքելությունը՝ ձևականորեն, որոշ ժամանակ, հետո դա էլ կարևոր չէ։ Ներկա ապաշնորհ ու անհայրենիք կառավարության երկընտրանքն է՝ ենթարկվե՞լ սրան, թե՞ ինքնասպան լինել։ Բա հո ազգային-ազատագրական պայքարի չեն առաջնորդելու։

Բայց ինքնասպանությունն էլ որոշ ասպետականություն է պահանջում։ Մնում է ենթարկվելը։ Այստեղից էլ նիկոլականների ծամածռությունները թուրքի՝ թշնամի լինելու մասին հարցին պատասխանելիս՝ ո՛չ կարող են այո ասել, ո՛չ էլ՝ ոչ։ 

Ի դեպ, այսօր դրա համար նրանց մեղադրող կուսակցությունները, եթե հանկարծ գան իշխանության, նրանք էլ են նույն կերպ ծամածռություն անելու Թուրքիայի մասին խոսելիս, ինչպես տարիներ առաջ էին անում, երբ խոսում էին Արցախի ազատագրված տարածքների մասին։ Բա հո Էրդողանի մեծ բարեկամ Պուտինին չե՞ն նեղացնելու։ 

– Միևնույն ժամանակ, երեկ ՀՀ ԱԳ նախարարը Ազգային ժողովում հայտարարել էր, որ Թուքիայի հետ որևէ կոնսուլտացիա չի ընթանում: Դուք ի՞նչ եք կարծում՝ բանը կհասնի՞ Թուրքիայի հետ կոնսուլտացիաներին: 

– Իսկ իրենք ո՞վ են, որ իրենց հետ կոնսուլտացիաներ ընթանան։ Մեր մասին թուրքն այսօր խոսում է ռուսի հետ, հետո ռուսը Նիկոլին տեղեկացնում է իր բաժին անելիքը։ 

Հայաստանի կապիտուլյացիան Արցախի ինը շրջանը թուրքին հանձնելու մասին չէր, այլ երկրի սուբյեկտության վերացման։ Քանի դեռ մենք չենք ձևավորել իսկապես ազգային պետություն, չենք վերականգնել մեր ինքնիշխանությունը, մեզ հետ ամեն ինչ էլ կարող է կատարվել։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am