«Խնդիրն ավելի լայն է, քան գիտության զարգացումը, այստեղ սոցիալական արդարության խնդիր կա». Միքայել Զոլյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Միքայել Զոլյանը։

– Արդեն մի քանի օր է՝ ուսանողները շարունակում են պայքարը տարկետման իրավունքի սահմանափակման դեմ: Տեսակետ կա, որ եթե տարկետումը վերացվի, տղաները մոտիվացիա չեն ունենա բուհ ընդունվելու: Արդյոք կո՞ղմ եք այս տեսակետին:

– Իրականում խնդիրն ավելի լայն է, քան գիտության զարգացումը։ Այստեղ սոցիալական արդարության խնդիր կա։ Հայաստանում կա մի խավ, որն ըստ էության դե ֆակտո ազատված է զինծառայությունից։ Դա հենց իշխանավորներն են և մեծահարուստները, այլ կերպ ասած` չինովնիկա-օլիգարխիկ վերնախավը։ Թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ինչպե՛ս է ձևակերպվում նրանց այդ արտոնությունը, արդեն երկրորդական հարց է։ Մի դեպքում դա արվում է կաշառքի միջոցով, մեկ այլ դեպքում պարզապես ծանոթ-բարեկամով այնպես են դասավորում, որ ծառայությունն անցնի սահմանից հեռու։ Ամեն դեպքում, վերնախավի երեխաները խրամատներում չեն հայտնվում։ Իհարկե, գուցեև եղել են բացառություններ, բայց ընդհանուր միտումը սա է։ Այդ ամենի հետ մեկտեղ կար նաև տարկետումը, որը հնարավորություն էր տալիս մնացած բոլորին հետաձգել կամ ընդհանրապես ազատվել զինծառայությունից, պայմանով, որ նրանք զբաղվեն գիտական, ակադեմիական աշխատանքով։ Ճիշտ է, մասամբ դրանից օգտվում էին հենց նույն վերնախավի երեխաները և երիտհանրապետականները, բայց մասամբ նաև օգտվում էին մարդիկ, որոնք կապեր չունեին, այսինքն` ապագա երիտասարդ մտավորականները։ Նոր օրենքով, ըստ էության, վերնախավի համար որևէ բան չի փոխվում, նրանք ծառայությունից խուսափելու պարզապես այլ ճանապարհներից կօգտվեն, իսկ այն երիտասարդներին, որոնք պատրաստվում էին գիտությամբ զբաղվելու, ասում են՝ վե՛րջ, դուք այս հնարավորությունն այլևս չունեք։ Բնական է, դա ընկալվում է որպես անարդարություն։ Եվ սա անարդարություն է ընկալվում ամբողջ երիտասարդության համար։ Պարզ է, որ բոլորը չէ, որ դառնալու էին լուրջ գիտնականներ, բայց, համենայն դեպս, կար ընտրության հնարավորություն, իսկ հիմա մարդկանց ընտրության հնարավորությունից զրկում են։ Իսկ երբ զրկում են ընտրելու հնարավորությունից, դա միշտ ցավոտ է լինում։

– Շատերը, ովքեր 2004-ին դեմ էին այս նախագծին, հիմա կողմ են և հիմնավորում են, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, և հիմա ուղղակի անհրաժեշտություն է տարկետման իրավունքի վերացումը: Համամի՞տ եք արդյոք:

– Ո՛չ, համամիտ չեմ։ Այդ տրամաբանությամբ տարկետումը պետք է վերացվեր դեռ 1990-ականներին։ Ապրիլյան դեպքերը, այո՛, լուրջ էին, բայց չեն համեմատվի 1992-1994 թթ. պատերազմի հետ։ Բացի այդ, Արցախում երբեք էլ խաղաղություն չի եղել, և մեծ պատերազմի հավանականությունը միշտ էլ պահպանվել է։ Այնպես որ, այս փաստարկը ես չեմ ընդունում։ Իրավիճակը, իրոք, փոխվել է մեկ այլ առումով, բայց իշխանությունը վախենում է դրա մասին խոսելուց։ Վերջին տարիներին Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի և բարոյահոգեբանական մթնոլորտի պատճառով արտագաղթը լուրջ չափեր է ընդունել, և արդյունքում այսօր մենք ունենք զինակոչիկների պակաս։ Ա՛յ եթե իշխանությունը պարզ ասեր, որ խնդիրը սա է, դա ավելի համոզիչ կլիներ, բայց չի ասում, քանի որ զգալի մասով դրա պատասխանատուն հենց ինքն է։ Բայց անգամ այդ դեպքում առաջնահերթ խնդիրը կլիներ վերացնել զինակոչի ոլորտում առկա կոռուպցիան, պատժել դրա մեղավորներին, այսինքն` անել այնպես, որ նաև վերնախավի երեխաները գնան ծառայելու։ Նաև ճիշտ կլիներ, որ այն ՀՀԿ-ական պատգամավորները և այլ բարձրաստիճան երիտհանրապետականներ, որոնք այս կամ այն պատճառով չեն ծառայել, այսօր որպես կամավոր մեկնեին սահման՝ երկու տարվա ծառայության։ Ահա, եթե այդ ամենն արվեր, բայց, միևնույն է, խնդիրը պահպանվեր, տարկետման վերացումը գուցե հանրության համար հասկանալի լիներ և չհանգեցներ բողոքների։

– Տարիներ շարունակ ծառայությունից խուսափել են հենց պաշտոնյաների երեխաները՝ ասպիրանտուրա ընդունվելով: Ի՞նչ եք կարծում, արդյոք այս նախագծով հնարավո՞ր է արդարությունը վերականգնվի, թե՞ մանևրելու տեղ միշտ էլ կլինի:

– Իհարկե, ո՛չ։ Ինչպես ասացի, վերնախավի երեխաներն այլ ճանապարհ կգտնեն։ Իրականում, այն խնդիրը, որ մարդիկ ծանոթով կամ փողով էին ընդունվում ասպիրանտուրա՝ բանակից խուսափելու համար, միանգամայն այլ լուծում ունի։ Ես այդ առումով առաջարկ ունեմ. պետք է հանրայնացնել այն մարդկանց ցուցակը, ովքեր վերջին 15 տարիների ընթացքում ատենախոսություն պաշտպանելով ազատվել են բանակից, հրապարակային դարձնել նրանց ատենախոսությունները, գիտական հոդվածները, պաշտպանությունների ընթացքը։ Կարելի է նաև անցկացնել նրանց ատենախոսությունների հանրային պաշտպանություններ՝ լրագրողների և հանրության համար բաց։ Նաև պետք է ուսումնասիրել՝ արդյոք այդ մարդիկ պաշտպանությունից հետո զբաղվե՞լ են ակադեմիական աշխատանքով, թե՞ ոչ։ Եթե այս ամենի հետեւանքով խախտումներ հայտնաբերվեն, պետք է հետաքննություն անցկացվի, և պատժվեն թե՛ իրենք` ազատվածները, թե՛ խախտման պատասխանատուները։ Այդ դեպքում այս ոլորտի բոլոր խնդիրները կլուծվեն, և հետագայում այս ճանապարհով կընթանան միայն այն մարդիկ, որոնք իրապես պատրաստ են գիտությամբ զբաղվելու։ Ես ինքս ժամանակին օգտվել եմ տարկետումից և ատենախոսություն եմ պաշտպանել, և պատրաստ եմ հանրայնացնել թե՛ իմ ատենախոսությունը, թե՛ այն ամենը, ինչ դրա հետ կապված է։ Բայց, իհարկե, առաջին հերթին դա պետք է անեն հենց այն երիտասարդ ՀՀԿ-ականները, որոնք այսօր օրենքն են պաշտպանում և ասում, որ այդ համակարգը կոռումպացված է։

– Ի վերջո, որքանո՞վ է այս նախագիծը հենց հարված գիտությանը։

– Գիտեք, մեզ մոտ այս հարցում պարզունակ պատկերացումներ կան։ Մենք գիտություն ասելիս պատկերացնում ենք, որ մարդիկ պետք է առնվազն Նոբելյան մրցանակ ստանան կամ, ասենք, ինչ-որ գերժամանակակից զենք հորինեն։ Իհարկե, դժվար թե բոլոր այն մարդիկ, որոնք տարկետում կստանան սովորելու համար, կդառնան հանճարեղ գիտնականներ։ Բայց այսօր եթե դուք նայեք Հայաստանի համալսարաններում աշխատող 45 տարեկանից ցածր տղամարդկանց, կտեսնեք, որ նրանց գերակշիռ մասն օգտվել է տարկետումից։ Արդյոք սա պատահականությո՞ւն է։ Չեմ կարծում։ Չգիտեմ, թե ինչպե՛ս կդասավորվեր այդ մարդկանց կյանքը, գուցե նրանք, միևնույն է, զբաղվեին գիտությամբ, գուցե՝ ոչ։ Գուցե մեզ ընդհանրապես այդքան շատ գիտնականներ, այդքան շատ դասախոսներ, այդքան շատ համալսարաններ պետք չեն։ Սրանք բոլորը բարդ հարցեր են, դրանց մասին պետք է մտածել։ Բայց ամեն դեպքում, երբ տարկետման դեմ հանդես են գալիս մարդիկ որոնք ժամանակին դրանից օգտվել են, դա այնքան էլ համոզիչ չի հնչում:

– Արդյոք սոցիալական արդարության խնդիրը կարո՞ղ է վերականգնվել, եթե մի պահ պատկերացնենք, որ պաշտոնյաների որդիներին ուղարկում են առաջնագիծ:

– Խնդիրը պաշտոնյաների երեխաներին առաջնագիծ ուղարկելը չէ։ Խնդիրն այն է, որ զինվորների հավաքագրման գործընթացում բացառվի կոռուպցիան։ Իսկ դա օրենքով հնարավոր չէ անել։ Դրա համար պետք է լինի համակարգը մաքրելու քաղաքական կամք և կոռուպցիային մասնակցող անձանց քրեական հետապնդում։ Մենք պետք է տեսնենք, որ պաշտոնյաներ են աշխատանքից ազատվում, բացահայտվում են կոռուպցիայի դեպքեր, որ մեղավոր պաշտոնյաները հայտնվում են բանտում։ Ավելին, պետք է տեսնենք, որ վերնախավի այն ներկայացուցիչները, որոնք կաշառք են տվել իրենց երեխային բանակից ազատելու համար, հայտնվում են բանտում։ Ընդ որում, այդ ամենը պետք է համակարգային բնույթ ունենա, այլ ոչ թե լինի մեկ-երկու աղմկոտ գործ և վերջ։ Եթե այդ ամենը տեղի ունենա, և դրանից հետո, միևնույն է, պահպանվի խնդիրը, ապա կարծում եմ, որ այդ դեպքում տարկետման վերացումը հանրության կողմից կընկալվի ոչ թե որպես անարդարություն, այլ որպես անհրաժեշտություն։

Մանե Հարությունյան

MediaLab.am